Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԱԿ
A A
Պաշտոնական

«Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ»

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական 

կազմակերպությունների և ակտիվիստների 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ  արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում)  բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։  

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը կոչ էր անում համընդհանուր զինադադար հաստատել Քովիդ-19 համաճարակի տարածման համատեքստում:  

2020թ․-ի սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 100 կազմակերպությունների հետ համատեղ, կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ վերջ տալու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 

2020թ․-ի հոկտեմբերի 1-ին, ևս մեկ կոչ է արվել, որի համաձայն, եթե միջազգային հանրույթը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի հրահրված պատերազմին, ապա պետք է կիսի տարածաշրջանում տեղի ունեցող վայրագությունների և ապակայունացման պատասխանատվությունը։ Այս կոչը պայմանավորված էր նրանով , որ հայտնվեցին հիմնավոր ապացույցներ այն փաստի վերաբերյալ, որ Թուրքիան ներգրավված է պատերազմական գործողություններում՝ իր ռազմական անձնակազմի և սարքավորումների, ինչպես նաև Սիրիայից հավաքագրված ահաբեկչական խմբավորումների միջոցով։ Այս կոչը ստորագրվել է ավելի քան 200 կազմակերպությունների և անհատների կողմից, և ստորագրահավաքը ներկայացվել է Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացված քաղաքացիական ակցիայի ժամանակ։ 

Մինչ օրս որևէ միջազգային գործընկեր կառույցի կողմից արձագանք չի եղել։ Ինչպես 1984  թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն է ասել. «Եթե անարդարության պայմաններում դուք չեզոք եք, ապա ընտրել եք հալածողի կողմը»։  

Մինևնույն ժամանակ, Ստեփանակերտի և այլ խաղաղ բնկավայրերերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող ռմբակոծությունները՝ կասետային զինամթերքի, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, հանգեցրել են մարդկային կյանքի կորուստների և լուրջ վնասվածքների։ Զգալի վնասներ են ստացել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանակապարտեզներ, հիվանդանոցներ և մշակութային օբյեկտներ, ինչպես նաև Արցախի բնակչության զգալի մասը տարհանվել է։ 

Ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները Արցախի (հոկտեմբերի 1-ին և 10-ին ) և Հայաստանի (հոկտեմբերի 1-ին) իրենց զեկույցներում ներկայացրել են Ադրբեջանի/Թուրքիայի հարձակումներից բխող ռազմական հանցագործությունների ապացույցները: Մարդու իրավունքների պաշտպանները դիմել են միջազգային հանրությանը մարդու իրավունքների միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական խախտումները դադարեցնելու միջամտության խնդրանքով։

Մինչդեռ Հայաստանում միջազգային հանրությունը հիմնականում լուռ էր Արցախի իրավիճակի հետ կապված, Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և դիվանագետները այցելել են Գյանջա՝ անձամբ ականատես լինելու հակամարտության հետևանքներին։ Բաքվում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ակնհայտորեն կողմնակալ հայտարարություն է արել այն մասին, որ իրենք ցանկանում են, որ ադրբեջանական համայնքը վերադառնա Լեռնային Ղարաբաղ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ կաջակցեն Գյանջայում հայկական հրթիռից տուժած երեխաներին։  

Միջազգային կազմակերպությունների մեծ մասին չի թույլատրվում այցելել Արցախ, քանի որ այն «չճանաչված պետություն է»։ Այնուամենայնիվ, Վարդենիսը և Արծվանիկը գտնվում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ միջազգային դերակատաները չեն այցելել այնտեղ դիտարկելու Ադրբեջանի ռմբակոծության պատճառած վնասները, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։ 

Զուգահեռներ անցկացնելով՝ մենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես,  ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների ներկայիս դիրքորոշումը համարում ենք իրենց մանդատների, արժեքների և պարտականությունների աննախադեպ անփութություն:  Պատերազմի 19-րդ օրն է, և մենք դեռ ականատես չենք եղել միջազգային կազմակերպությունների գեթ մեկ արդյունավետ գործողության՝ դատապարտելու և կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի ավտորիտար ղեկավարների գործողությունները,  որոնցից մեկը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդի կյանքը՝ պահպանելու համար կոռուպցիայի միջոցով վաստակած ուժն ու հարստությունը, իսկ մյուսը փորձում է վերադարձնել Օսմանյան կայսրության սահմաններ՝ նույն ցեղասպանական գործելաոճի միջոցով, ինչ որ անում էին նախնիները: Դեռ մեկ դար առաջ չկային կազմակերպված միջազգային կազմակերպություններ բռնապետերի բռնություններին համարժեք արձագանքելու համար, բայց այժմ առկա բազմաթիվ կազմակերպությունները անգործ ու լուռ են և վերածվել են Արցախի ռազմադաշտում նորագույն զենքի ցուցադրման և անմեղ մարդկանց մահվան հանդիսատեսների:  

Արցախի ժողովուրդը լքված է և իր ողբերգության հետ միանգամայն մենակ՝ գոյութենական սպառնալիքի առջև: Էլ ավելի ողբերգական է մոտալուտ մարդասիրական ճգնաժամը, որը կարող է նույնիսկ փաստագրված չլինել իրավասու կազմակերպությունների կողմից, քանի որ  արգելված է նրանց մուտքը «չճանաչված» Արցախի հանրապետություն: Այս գործողությունները բացարձակապես անհամատեղելի են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական խոստման հետ, որը պահանջում է, որ մենք «չանտեսենք ոչ ոքի»:  

Ավելորդ է ասել, թե որքանով ենք մենք ցնցված և հիասթափված՝ ականատես լինելով Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և, մասնավորապես, երկրում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների բացարձակ անգործությանը: Համոզված ենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հստակ հասկանում է, թե ով է սկսել այս պատերազմը և ինչ է տեղի ունենում Արցախի բնիկ ժողովրդի հետ, ովքեր պարզապես ցանկանում են ապրել իրենց նախնիների երկրում, ովքեր դարեր շարունակ պատմական, մշակութային և քաղաքական ժառանգություն են կառուցել: Իսկ Արցախում մարդիկ արժանի են խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապրել իրենց հայրենիքում:  

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային

սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են և՛ բարոյական, և՛ իրավական լիազորություններ ՄԱԿ-ի բոլոր սուբյեկտների/մարմինների համար խոսել նաև չճանաչված տարածքների ժողովուրդների մասին: Մարդկային կյանքը կարևոր է՝ անկախ քաղաքականությունից, փողից և սահմաններից: Հնարավոր էթնիկական զտումները և հումանիտար ճգնաժամը պետք է կանխվեն՝ անկախ նրանից տվյալ տարածքը ճանաչված է, թե ոչ:  

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեի ժամանակին արված հայտարարությունները, բայց գիտենք, որ իրադարձությունները պահանջում են ավելի ակտիվ և խորը ներգրավում առանց հետագա հապաղումների` կանխելու մարդկային լրացուցիչ տառապանքները:  

Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ`  ակտիվ դիրքորոշում ունենալով պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:  

Մասնավորապես, մենք հորդորում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ 

1․ Խորությամբ ուսումնասիրել և հստակ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը և վարձկանների տեղակայումը տարածաշրջանում և քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց ագրեսիան, որը հանգեցնում է Արցախում էթնիկ զտումների,  

2․ Հնարավորություններ ստեղծել և կազմակերպել միջազգային ներկայացուցիչների այցը Արցախի տարածք` խաղաղ բնակավայրերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու և փաստաթղթավորելու համար,  

3․ Օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հաղթահարելու Ադրբեջանի և Թուրքիայի հրահրած պատերազմի արդյունքում կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում առաջացած խնդիրները,  

4․ Երաշխավորել, որ Հայաստանի կառավարությանը մատուցվի պատշաճ մարդասիրական օգնություն` Արցախի տեղահանված մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար,  

5․ Աշխատել Բաքվում գործող գործընկերների հետ և մշակել տարածաշրջանում ատելության,  ռազմական գործողությունների և պատերազմի քարոզչության չեզոքացման ծրագիր, ինչպես սահմանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20- րդ հոդվածով:

Հայտարարությանը միանալու համար սեղմեք հետեւյալ հղումը »: