Ցուցադրություն` արհեստական լույսի տակ
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ հայտնի չեն երեւանյան այն թանգարանների անունները, որոնք մայիսի 15-ի երեկոյան` թանգարանային գիշերը, բաց կլինեն:
Վաղը Մշակույթի նախարարությունում տեղի կունենա խորհրդակցություն, որտեղ եւ կհրապարակվի այն թանգարանների ցանկը, ովքեր պատրաստ են իրենց դռները անվճար բացել բոլոր այցելուների առաջ մինչև կեսգիշեր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
«Ա1+»-ի տեղեկություններով` Հայաստանի ազգային պատկերասրահը, Փարաջանովի տուն-թանգարանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մասնակցելու են «թանգարանային գիշերվան»:
Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ օրը այցելուները կարող են միաժամանակ դիտել 4 ցուցահանդես: Բացի այդ ներկայացվելու են երաժիշտ նկարիչ Էռնեստ Բարսեղյանի աշխատանքները,որոնք արվել են 1960-70-ական թվականներին էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ժամանակ:
Ժամը 18:30-ից պատկերասրահում դասական երաժշտություն կհնչի, որին կհաջորդի ռոք երաժշտությունը: Միջոցառումներ են նախատեսված նաեւ երեխաների համար: Օրինակ` Սունդուկյան թատրոնի դերասանները ներկայացնելու են հեքիաթներ:
«Թանգարանային գիշերը մի խորհուրդ էլ ունի. էլեկտրական լամպի լույսի ներքո նույն ցուցադրությունը այլ է: Եվ այն, որ Եվրոպայի բոլոր թանգարանները անում են այդ ակցիան, ոգևորիչ է: Ինչքան շատ ինֆորմացիա տրվի այցելուին, դա թանգարանի պատիվն է»,- ավելացնում է Հասմիկ Հարությունյանը
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «Թանգարանների եվրոպական գիշեր-2010» նախաձեռնության շրջանակներում ընդառաջ գնալով 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մշակույթների մերձեցման միջազգային տարի հայտարարելու որոշմանը` մայիսի 15-ին կանցկացնի «ՃԱՆԱՉԵՔ ԶՄԻՆՅԱՆՍ» խորագրով միջոցառում:
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը նույնպես իր դռները շաբաթ երեկո կբացի այցելուների առաջ: «Ա1+»-ը տեղեկացավ, որ թանգարանը բաց կլինի ժամը 18:00-ից 24:00-ը:
Թանգարանների եվրոպական գիշերը անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները:
«Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ.-ին` գարնանային որևէ կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու` Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով: Հայաստանը այս նախագծին մասնակցում է 6-րդ անգամ: