«Այսօր էլ նույն բանը կատարվում էր հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյանը՝ Մատաղիսից ադրբեջանական զորքերի փախուստի առիթով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ասուլիս են տվել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հստակ չեմ կարող ասել. ինչքան գիտեմ՝ տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում»,- դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ թուրքական F-16 հրթիռները կրկին օդ են բարձրացել և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի այդ մասին, ասուլիսին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ այսօր փախուստի դեպքեր չե՞ն գրանցվել, ինչպես երեկ Մատաղիսում, նա պատասխանեց.
«Այսօր էլ նույն բանը կատարվում էր հարավային ուղղությամբ, ցավոք, այս պահին դեռ տեսանյութ չունենք հարավից ցույց տալու»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ ՀՕՊ-ով օդում վերացնել հրթիռներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հնարավոր է, բայց դա բավականին բարդ գործ է, և ոչ բոլոր ՀՕՊ-երը կարող են օդում հրթիռ որսալ»:
Արծրուն Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում բնականոն գործընթաց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտակոչը:
«Մարտակոչը շատ հստակ ասելիք ուներ, մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, և դա շատ բնականոն գործընթաց է այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ ՄԻՊ-ի աշխատանքի նպատակն է եղել առաջին օրից սկսած պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև այն ուղիղ առնչություն ուներ մարդու իրավունքների, կյանքի և առողջության իրավունքի հետ:
«Չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով բնակչության վրա հարձակում գործելը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ առաջին օրից սկսած՝ հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը և սա ակնհայտ է: Սրա մասին են վկայում ոչ միայն այն տեսանյութերը, կադրերը և այն ապացույցները, որ կան, այլ նաև այն ծանր հետևանքները, որ առաջացել են»,- ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ի խոսքով` հակառակորդը կիրառել է այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքներով արգելված են:
«Կարևոր է արձանագրել, որ խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները իրականացվում են թե ռազմաօդային, թե հրետանային հարձակումների միջոցով»,- նշեց Թաթոյանը: