Հայկական ներկայացում` Նյու Յորքում
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի թատերական ինստիտուտի բեմահարթակում ներկայացվեց ամերիկահայ անվանի թատերագիր-ռեժիսոր Հրանտ Մարգարյանի «Լռություն բոլորաձեւ ծիածանի մեջ» պիեսը` անգլերեն լեզվով: Պիեսի բեմադրությունը իրականացրել էր Ռասել Սեյջ քոլեջի թատերական բաժնի վարիչ, ռեժիսոր` պրոֆեսոր Դեվիդ Բեյկերը:
Բեմադրությանը մասնակցում էին թատրոնի եւ հեռուստաֆիլմերի ճանաչված ամերիկացի դերասաններ` Ռոն Կոմորան, Ջոն Ռոմեոն, Դեվիդ Բանսը, Ջոն Սկալան:
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց Շուշանի դերակատար` ճանաչված դերասանուհի, ազգությամբ հայ Լորեինե Սրապյանին, որի դերակատարումը հուզիչ էր եւ տպավորիչ:
Բեմադրությունը մի պատմություն էր հայ կնոջ ու նրա հոգեկան ապրումների մասին: Նա կորցնում է իր 4 տարեկան որդուն եւ փրկվելով 1915թ. ջարդերից` իր կյանքի նպատակն է դարձնում գտնել կորած զավակին:
Ներկայացումից հետո տեղի ունեցավ ողջ ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Իր եզրափակիչ խոսքում պիեսի հեղինակ Հրանտ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դերասաններին, Նյու Յորքի արվեստասեր հանդիսատեսին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ներկա գտնվեցին ներկայացման պրեմիերային:
Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ Նյու Յորք նահանգի թատերական ինստիտուտը ներկայացնում է հայ թատերագրի ստեղծագործությունը:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի