Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասույթը` հիվանդ երեխաներին

Մշակույթ

Նյու Յորքի հանրահայտ պատկերասրահներից մեկը`Ջեյմս Քոհենը, պատրաստվում է նյույորքահայ արվեստագետ Հայկ Քոչարյանի լուսանկարչական նոր գործերի ցուցադրությունը:

«Հայացք պատուհանից դուրս» այսպես է անվանել լուսանկարիչ արվեստագետը իր լուսանկարների հերթական ցուցադրությունը:

Լուսանկարներն արվել են Աֆրիկայում, մասնավորապես Եթովպիայում եւ պատկերում են ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների:

Արվեստագետը ներկայացնում է կյանքն այն երեխաների աչքերով, որոնք ի ծնե դատապարտված են, որովհետեւ հիվանդությունը նրանց անցել է ժառանգաբար` հիվանդ ծնողներից:

Ցուցահանդես- վաճառքից ստացված ամբողջ հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժման նպատակով:

«Ես իմ ցուցահանդեսով ուզում եմ, որ մարդիկ մեկ հայացք գցեն այս երեխաներին, նրանց հետ զգացական կապ հաստատեն: Այս երեխաները լավատեսորեն են նայում կյանքին: Օգնելով նրանց` մենք նաեւ ինքներս մեզ ենք օգնում`աշխարհը ավելի լավը դարձնելով»,- ասաց արվեստագետը:

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու մայիսի 17-ին:

Հայկ Քոչարյանը ծնվել է Երեւանում: Նրա հայրը` դերասան Վլադիմիր Քոչարյանը, կնքել է իր մահկանացուն, երբ Հայկը 15 տարեկան էր: Մայրը` Սունդուկյան թատրոնի նախկին դերասանուհի Կարինե Քոչարյանը, ապրում է Նյու Յորքում եւ զբաղվում է լրագրողական աշխատանքով:

Հայկ Քոչարյանը 6 կարճամետրաժ եւ 2 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Նրա լուսանկարչական գործերը ցուցադրվել են նաեւ Կալիֆոռնիայի, ինչպես նաեւ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Արվեստագետը մասնակցել է Նյու Յորքի արվեստի մրցանակաբաշխություններին` արժանանալով բարձր մրցանակների:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք