Եվա Ռիվասը չորրորդն է
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումներով` «Եվրատեսիլ - 2010» -ում Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը:
Այդ կանխատեսումների համաձայն «Եվրատեսիլ - 2010» - ի հաղթող կճանաչվի Գերմանիայի ներկայացուցիչ երգչուհի Լենան իր «Satellite» երգով: Բուքմեյքերական խաղադրույքների եռյակում են նաեւ Ադրբեջանը ներկայացնող Սաֆուրան եւ Իսրայելի ներկայացուցիչ Հարել Սկատը:
«Եվրատեսիլ - 2010-ը» այս օրերին ֆորումների հիմնական թեման է:
«Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի օգտին ենք քվեարկելու, նա լավագույնն է, եւ նրա ներկայացրած երգը ավելի լավն է, քան Գերմանիայի մասնակցինը, ում համար բոլորը դնում են խաղադրույքներ: 50 եվրո եմ դրել Հայաստանի օգտին », - ֆորումներից մեկում գրում է Ալեքսը` Հունաստանից:
Եվա Ռիվասի երգը սկանդալի առիթ է դարձել ադրբեջանական եւ թուրքական ֆորումներում: Ադրբեջանցիները թեեւ վստահ են իրենց հաղթանակում, սակայն բարկացած են իրենց ԶԼՄ- ների վրա, քանի որ ըստ նրանց. «Խոսելով Հայաստանի մասին եւ անընդհատ կրկնելով, որ Ռիվասի երգը գողացված է եւ շատ վատը, դուք ավելի շատ եք գովազդում նրան»:
Ի դեպ, եվրոպական 10 երկրներ հրաժարվել են մասնակցել այս մրցույթին` այն համարելով չափազանց թանկ հաճույք տնտեսական ճգնաժամի պայմաններում: Բացառությունը Չեխիան է, որը մասնակցությունից հրաժարվել է նախորդ տարիների անհաջող փորձերի պատճառով:
Հիշեցնենք, «Եվրատեսիլ - 2010» տեղի է ունենալու մայիսի 25-29- ը, Նորվեգիայի Օսլո քաղաքում` 23 000 տեղանոց «Տելենոր Արենե» - մարզադաշտում: Մրցույթի անցկացման համար արդեն իսկ ծախսվել է 17 մլն եվրո:
Եվա Ռիվասը ելույթ է ունենալու մայիսի 27-ին մրցույթի երկրորդ եզրափակիչում: