Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմը` սարյանական հայացքով

Մշակույթ

Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանի ֆոնդերից և նկարչի ընտանիքի հավաքածուից այսօր ցուցադրության էին ներկայացվել Հայրենական մեծ պատերազմի թեմայով նկարները:

Երբ սկսվել է պատերազմը, Մարտիրոս Սարյանի կրտսեր որդին` Ղազարոսը, ժամկետային զինծառայող է եղել: Հայրենիքին իր պարտքը երկու տարի մատուցած Ղազարոսը տուն վերադառնալու փոխարեն հայտնվել է ռազմական գործողությունների ամենաթեժ գծում:

Դժվար չէ պատկերացնել ծնողների`Մարտիրոս Սարյանի և տիկին Լուսիկի ապրումները, երբ ամիսներ շարունակ որդուց լուր չեն ստացել:

Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված Մ. Սարյանի գրաֆիկական աշխատանքներում պատերազմի դաժան իրականության արձագանքներն էին. նա պատկերում է Արզնիի հոսպիտալում բուժվող զինվորներին և բուժքույրերին, Ստալինգրադի ավերակները:

Մյուս կողմից էլ` նկարիչը պատկերում է ցանկալի ապագան. Մ.Սարյանի տիկնոջ` Լուսիկ Սարյանի, ձեռքի սովորական միրգը հայելուց վերածվում է զինվոր-որդուց սպասված նամակի:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ այս ամսվա վերջ: