Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Քաղաքականություն

Գերագո՞ւյն, թե՞ Սահմանադրական դատարան. ի՞նչ է փոխելու միավորված սուպերդատարանը (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդամենը 1 քվեի առավելությամբ՝ 7 դեմ և 8 կողմ ձայներով համաձայնություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմանն ու արդյունքում՝ Գերագույն դատարանի ստեղծմանը: Այս գաղափարի հեղինակներն են հանձնաժողովի իրավաբան-գիտնականները, որոնց հետ համաձայնել են իշխանության ներկայացուցիչները:

Փետրվար ամսից գործող սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մշակում է սահմանադրական ավելի ընդգրկուն  բարեփոխումների կամ, միգուցե, նոր Սահմանադրության հայեցակարգը: Երկու կարևոր հարցերի շուրջ հանձնաժողովում արդեն կա փոխըմբռնում՝ պահպանվելու է խորհրդարանական կառավարման համակարգը, չի պահպանվելու խորհրդարանում կայուն մեծամասնության մոդելը:

Երկու բարձր դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու կողմնակիցները գտնում են, թե գործող մոդելով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն իրար կրկնում են: Մյուս կողմից՝ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարաններն են իրար կրկնում, և ՍԴ-ն կարծես թե դարձել է չորրորդ ատյանի դատարան: Նաև ասում են, որ ՍԴ-ն կտրված է ընդհանուր իրավասության դատարանների բուրգից և զրկված է իրավական այն լծակներից ու մեխանիզմներից,  որոնցով կկարողանար ի կատար ածել իր որոշումները:

Նոր մոդելով նախատեսում են սահմանադրական արդարադատության ապակենտրոնացում՝ այսինքն առաջին ատյանի դատարանները ևս հնարավորություն կունենան քննելու օրենքի որևէ դրույթի՝ սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու հարցը և այդ ուղղությամբ կայացնելու համապատասխան որոշում: Պարզապես այդ որոշումն ուժի մեջ չի մտնի, մինչև Գերագույն դատարանը չասի իր վերջին խոսքը: Ընդդիմախոսները հակադարձում են, թե օրենքի սահմանադրականության որոշումը դատավորից պահանջում է համապատասխան մասնագիտական հմտություններ: Բացի այդ գործող կարգավորումներով՝ եթե դատավորի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ տվյալ գործով կիրառվող օրենքը հակասում է Սահմանադրությանը, կարող է կասեցնել գործի քննությունը և համապատասխան հարցումով դիմել ՍԴ:

Ի դեպ, առաջարկվող դատական համակարգի նկատմամբ կարծիքները նույնը չեն իշխանության ներսում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը նաև սահմանադրական բարեփոխումների մասնագտական հանձնաժողովի անդամ է, դեմ է քվեարկել առաջարկվող տարբերակին և կողմ է ՍԴ-ն պահպանելուն: Վերջինս, սակայն, հրաժարվում է  դրա վերաբերյալ կարծիք հայտնելուց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և նորից այդ երկու հանձնաժողովների անդամ Վահագն Հովակիմյանը, սակայն, կողմ է: Վերջինիս ներկայացմամբ՝ բարձր դատարանների միավորման դեպքում Գերագույն դատարանը հակակշիռ է լինելու անգամ օրենսդիր մարմնին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը պետք է հանրությանը ներկայացնի հոկտեմբերի վերջին: Հանրային լայն քննարկումներից և հավանության արժանանալուց հետո կներկայացվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն կդրվի հանրաքվեի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ 2021թվականին: