Հատընտիր ծրագիր՝ հիասքանչ բնության գրկում. լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՀիասքանչ բնություն, հատընտիր ծրագիր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան, Չայկովսկի, աթոռներին ու խոտերին նստած՝ շնորհակալ Բերդ համայնքի բնակիչներ, որոնց համար և կազմակերպվել էր «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով համերգը սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
Կազմակերպիչը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն էր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ սա աննախադեպ համերգ է:
«Սահմանամերձ Բերդ համայնքում չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել դասական երաժշտության համերգ: Մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում՝ ուզում ենք, որ այսպիսի համերգներ լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում և այլ համայնքներում լինեն տոմսարկղներ, և մարդիկ հերթ կանգնեն, ունենալով այդ վճարունակությունը և վճարեն համերգներին ներկա գտնվելու համար: Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր սահմանամերձ համայնքի ապրելակերպի ռազմավարական տեսլականը»:
Համերգի կապակցությամբ աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի և փառատոնի մեծ բարեկամ Եվգենի Կիսինն իր ուղերձն է հղել,- «Սիրելի բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը: Բարձրագույն արվեստի մեջ է հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան»: