Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր են արձանագրվել. նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի միացված թոքերի արհեսատական շնչառական սարքերին, 35 ծանր և 65 ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացի»,-այս մասին ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցվել են կրկնակի վարակման դեպքեր, սակայն այժմ քննարկումներ են գնում, թե արդյո՞ք դրանք կրկնակի վարակման դեպքեր են, թե վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքների մեջ:
Նախարարի փոխանցմամբ՝ մոտ 50 քաղաքացու, ովքեր արդեն ապաքինված են համարվել, փորձնական թեստ են արել և 3-ի կամ 4-ի մոտ հայտնաբերվել է կրկնակի վարակվածություն:
Մեկուսացման վայրերում կան 2000 քաղաքացի, ունենք 350 ազատ մահճակալ, քանի որ քաղաքացիների մի մասը ասիմտոմ է և գտնվում է հյուրանոցներում,-հայտնեց Թորոսյանը:
«Շարունակում ենք հայտնաբերել, թեսթավորել, իզոլացնել և բուժել սկզբունքը, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումն է բոլոր երկրներին, երկրներ կան, որ համաճարակային հետազոտության փուլը արդեն չեն անում, մենք այժմ 4 քայլն էլ իրականացնում ենք, և կշարունակենք այնքան, քանի դեռ կարողանում ենք»:
Առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում, -հայտնեց Թորոսյանը՝ հավելելով, որ դեռևս տանելի է իրավիճակը, սակայն հնարավոր է գա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության, նրա խոսքով՝ հիմնական խնդիրն է այնպես անել, որ այդ օրը չգա:
Նախարարը հավելեց, որ սարքավորումների խնդիր դեռևս չկա:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց Թորոսյանը կարևորեց քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցը , որպեսզի նոր փուլ չսկսվի.
«Սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի մասով այս պահին կարծես թե պակասի խնդիր չունենք: Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը պետք է օգնի, որ մենք չունենանք հակառակ պատկերը: Եթե կանոնները չպահպանվեն, կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ: Սակայն, եթե կանոնները չպահենք, դա է լինելու սցենարը»:
Նախարարը վստահեցրեց, որ թեստավորման առումով վատ դիրքում չենք, սակայն համակարգը գնալով ավելի է հզորացվում: