Տեղաշարժի արգելքը կհանվի, թերթիկի կարիք չի լինի, սակայն տրանասպորտը չի աշխատի․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 4-ից հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տեղաշարժման վերաբերյալ թերթիկի կարիք այլևս չի լինի։ Այդ մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միեւնույն ժամանակ նա նշեց՝ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը, քանի որ հանրային տրանսպորտը բարձր ռիսկային տնտեսական գործունեություն ունեցող տեսակ է:
Սննդի խանութները, դեղատները և գյուղատնտեսական արտադրանքները, շուկանները կգործեն, սակայն հանրախանութները առայժմ փակ կմնան:
«Մայիսի 4-ից բացվելու են բոլոր մշակող արդյունաբերության տեսակները՝ տեքստիլը, կահույքի, կոշիկի և այլ ենթաոլորտների արտադրությունը: Հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն ռեստորանները և սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիների և արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: Մարզասրահների գործունեությունը կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ: Մայիսի 4-ից կթույլատրվեն նաև անհատական ծառայությունները որոնք են՝ լվացման և մաքրման, գեղեցկության սրահների ծառայություները»:
Վարոս Սիմոնյանը նշեց, որ բոլոր թույլատրված գործունեությունների համար կգործեն հատուկ կանոններ և ուղեցույցներ: Կանոնները խիստ կվերահսկվեն տեսչական մարմինների և պատասխանատու գերատեսչությունների կողմից: Նա ընդգծեց, որ թեև սահմանափակումները հանվում են, սակայն վերահսկողությունն ավելի է խստացվելու:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր այն ռիսկային խմբերը, որոնք կարող են ունենալ կորոնավիրուս, արդեն ներառվել են այդ խմբերում:
«Լաբորատոր ցանցը նույնպես ընդլայնվել է, այսօր հնարվորություն ունենք բնակիչների շրջանում կատարել օրական մոտ 1000 թեստավորում: Շարունակվում է նաև դեպքերի մեկուսացումը, և իրականացվում են բուժման աշխատանքները: Շարունակում ենք համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք բոլոր գիտական հայտնագորոծւթյուններին և նորություններին մշտապես տեղյակ լինել»,- ասաց նա: