Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երրորդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է․ պայմանը նույնն է (տեսանյութ)

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը Կառավարության մամուլի կենտրոնում անդրադարձավ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզեքացման 3-րդ միջոցառմանը, որը ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրությանը աջակցելուն:

Մարգարյանը տեղեկացրեց, որ ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվել ՝ հօգուտ շահառուների:

Նշենք, որ ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնց  2019 թվականի տարեկան շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ:

Մինչ այս օրը ծրագրից կարող էին օգտվել միայն մշակող արդյունաբերության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպաարկման այլ ծառայությունների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:

Մարգարյանը տեղեկացրեց, որ շահառուների ցանկն համալրվել է, այսուհետ ծրագրից կարող են օգտվել նաև նախադպրոցական կրթության,  մասնավոր մանկապարտեզների,  սպորտային ակումբների, լողավազանների, զվարճությունների և հանգստի կազմակերպման, շինարարության ոլորտների շահառուները:

Փոխնախարարի խոսքով՝ դիմումների ընդունման հիմնական պայմանը շարունակում է մնալ վարկային և հարկային բարվոք պատմությունը:

«Եթե նախկինում ասվում էր, որ ընկերությունը պետք է հարկերի բռնագանձման  վարույթ չունենա նախորդ 365 օրերի ընթացքում, ներկայումս այս պայմանը գործում է, բայց եթե կազմակերպությունը չի բավարարում այս պայմանին, բայց նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա ևս կարող է մասնակցել»: Այս դեպքում շահառուները կարող են օգտվել վարկային միջոցներից 36 ամիս ժամկետով, որի առաջին վեց ամիսը վարկային մարում չի նախատեսում, առաջին երկու տարին կլինի անտոկոս, երրորդ տարում շահառուները կվճարեն 12 տոկոս: 

Ծրագրի մյուս շահառուները, ովքեր չեն ունեցել հարկերի բռնագանձման վարույթ, վարկը կստանան երեք տարի ժամկետով, անտոկոս՝ վճարելով միայն մեկ տոկոս տրամադրման գումարը:

Փոխնախարարն ընդգծեց, որ գումարները առձեռն չեն տրամադրվելու, տրվելու են հատուկ նպատակներով: Այս պահին արդեն եղել են 1200 դիմումներ, հաստատվել է 461-ը, որը գումարային կազմում է մոտ 5.2 մլրդ, մերժվել է 300-ից ավելին, մնացածը, ըստ Մարգարյանի, ընթացքի մեջ են:

Արդեն փոփոխված պայմաններին համապատասխանող ու նախկինում մերժված շահառուների հետ նախարարությունը անձամբ կապ կհաստատի: Ծրագրի համար վերջնաժամկետ սահմանված չէ:

Վարկի չափը կախված է ընկերության շրջանառության գումարի չափի, այսինքն վարկը տրամադրվելու է շրջանառության գումարի 10 տոկոսի չափով:

Փոխնախարարը չհերքեց, որ նոր ծրագրեր ևս կլինեն, կամ գործող ծրագրերի շահառուների ցանկը կրկին կընդլայնվի: