Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի՞նչ է լինում, երբ լոռեցուն դատավորն ասում է՝ Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք. Պեկ նախագահը հումորին հումորով արձագանքեց (տեսանյութ)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։

Պատգմավորն առաջարկում է տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը նվազեցնել։ Մասնավորապես՝ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 21-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:

Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 21-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:
Հիշեցնենք, որ օրինագիծն այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր։

Միքայել Մելքումյանն ասաց, որ այս ընթացքում առաջարկներ են արվել։ Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է, որ արտակարգ դրություն ընթացքում տույժերը չհաշվարկվեն։

Հարակից զեկուցող, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ Կառավարության համար այդ առաջարկն անընդունելի է։ Ըստ նրա՝ դա իրագործելի չէ։

«Եթե նույնիսկ պատկերացնենք, որ իրագործելի է,  բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու»,- ասաց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը օրինակներով բացատրեց դրա անիրագործելիությունը։

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չկիսեց պարոն Անանյանի տեսակետը, թե միտքը լավը չէ, այլ հարց է, որ դժվար իրագործելի է, վարչարարությունը շատ է։

«Միտքը, որ այս ընթացքում մարդը չի աշխատել, շահույթ չի ստացել, հետևաբար իր վրա տոկոս եք հաշվելու, մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ անես։ Այդ իմաստով գաղափարախությունը լավն է, բայց հաշվի ենք առնում, որ Կառավարությունը բազմաթիվ խնդիրներ ունի, և հնարավոր է լրացուցիչ բեռ ենք դնում, մեղմում ենք մեր պահանջը՝ ասում ենք կողմ քվեարկեք, հետք կմտածենք»,- կես-լուրջ, կես-կատակ ասաց Սերգեյ Բագրատյանը։

ԲՀԿ-ականին ՊԵԿ նախագահն արձագանքեց հումորով։

«Լոռեցուն դատում են, դատավորն ասում է՝ Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք այս հանցանքի համար, ասում է՝ արել եմ, համա «отказ» եմ լինում։ Հիմա ոնց որ դրան ենք վերադառնում։ Իմաստ պետք է լինի կողմ քվեարկելու համար»,- ասաց պարոն Անանյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը քվեարկության դրվեց, հանձնաժողովը չընդունեց այն։

Այնուհետև հանձնաժողովը օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրեց, այն դրական եզրակացություն ստացավ։