Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 20 տարվա նախագահը հրաժարական է տվել
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը ընդունել է կազմակերպության նախագահ Թամաշ Այանի հրաժարականը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրա պարտականությունները ժամանակավոր կատարելու է գործկոմի անդամ Ուրսուլա Պապանդրեան։
«Ես իմ կյանքի լավագույն տարիները տվել եմ իմ սիրած մարզաձևին: Հուսով եմ, որ շուտով տեղի կունենան ֆեդերացիայի նախագահական ընտրությունները և նոր ղեկավարությունը կանի ամեն ինչ ծանրամարտի զարգացման և լուսավոր ապագա ապահովելու համար», - իր հրաժեշտի խոսքում ասել է արդեն նախկին նախագահը:
Թամաշ Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում աշխատում էր 1975 թվականից, սկզբից որպես գլխավոր քարտուղար, իսկ 2000 թվականից՝ նախագահ:
Նշենք, որ այս տարվա հունվարի 22-ին ֆեդերացիայի գործկոմը Թամաշ Այանին զրկել էր իր լիազորություններից և ներքին հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ գերմանական ARD հեռուստաալիքը փաստեր էր ներկայացրել նախագահի կողմից կաշառքներ վերցնելու և դոպինգ ստուգումները կոծկելու մասին: