Մենք այսօր մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. Արմեն Սարգսյանի ուղերձը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը։
«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում:
Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի: Պատմությունը մեզ սովորեցրել է չընկճվել և հաղթահարել դժվարությունները:
Հիշենք, որ անցել ենք բնության արհավիրքի՝ Սպիտակի երկրաշարժի միջով: Ապրել ու աշխատել ենք պատերազմական ծանր տարիներին: Հաղթել ենք արցախյան գոյամարտում, կառուցել մեր նոր, անկախ հայրենիքը... Կորոնավիրուսի դեմ պայքարում ևս հանգուցալուծումը կախված է մեզնից՝ թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք... Սիրելի՛ բարեկամներ, Այսօրվա պայքարում առավել զգայուն խմբում մեր տարեցները և խոցելի առողջություն ունեցող քաղաքացիներն են: Իմ բոլոր մտքերը և զգացմունքները, վստահ եմ, նաև ձեր մտքերը և զգացմունքները առաջին հերթին նրանց մասին և նրանց հետ են: Սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրանց պաշտպանելուն...
Խորապես հասկանում եմ, որ դժվարին իրավիճակ է հատկապես սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցների համար։ Ես հասկանում եմ, որ ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում ձեր վիճակը: Պետության աջակցությունից բացի շատ կարևոր է միմյանց սատարելը: Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: Մենք այսօր խուսափում ենք ձեռքով բարևել: Սակայն երբե՛ք, երբե՛ք չպետք է դադարենք օգնության ձեռք մեկնել միմյանց:
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալ եմ այս օրերին ձեր համբերության ու ըմբռնման համար: Շնորհակալ եմ նաև արտակարգ դրությանը պատասխանատվությամբ արձագանքելու համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր նորօրյա հերոսներին՝ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ բժշկից ու բուժքրոջից մինչև շտապօգնության մեքենայի վարորդ։ Նրանք այսօրվա պայքարի առաջին գծում են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս այս օրերին նորովի գնահատեց նրանց անձնուրաց աշխատանքը...
Շնորհակալ եմ այն կամավոր ուսանողներին և դասախոսներին, ովքեր այս պահին հիվանդների կողքին են: Շնորհակալ եմ պետական համակարգի ծառայողներին՝ ոստիկանից, զինվորականից մինչև փրկարար ու դիվանագետ, որոնք այս ծանր պայմաններում շարունակում են պատվով կատարել իրենց պարտականությունները: Շնորհակալ եմ ուսուցչին և հեռավար սովորող ուսանողին, խանութի գանձապահին ու հավաքարարին, տաքսու վարորդին, բոլորին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքով կիսում են պետության և հասարակության ծանր բեռը: Խնդրում եմ սերս և շնորհակալությունս փոխանցել մեր հասարակության կրտսեր, ամենասիրելի և ամենագնահատելի անդամներին՝ մեծ ու փոքր երեխաներին:
Նրանց համար նույնպես շատ դժվար է տանը նստել գարնանային այս օրերին: Բայց հենց այդ սերունդն է վաղը հաղթահարելու ցանկացած այլ դժվարություն... Շնորհակալությունս բոլոր այն ընտանիքներին, ովքեր մեկուսացած են իրենց տներում: Շնորհակալ եմ բոլոր փոքր, միջին ու մեծ գործարարներին: Նրանց վրա է հենվում երկրի տնտեսությունը, որը այս օրերին հսկայական ճնշման տակ է: Գործարար-պետություն համագործակցությունը պետք է ամուր լինի։
Ներկա վիճակից պետք է դուրս գալ փոխըմռնման և փոխօգնության համատեղ ջանքերով։ Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու հարազատներին։
Սիրելինե՛րս, Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը: Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի:
Ես սպասում եմ այդ օրվան, Երբ տատիկներն ու պապիկները նորից կգրկեն իրենց թոռնիկներին, Երբ մայրիկները իրենց փոքրիկներին կտանեն մանկապարտեզ, Երբ ուսանողները կշտապեն համալսարան, իսկ աշակերտները՝ դպրոց, Երբ երիտասարդները սիրելիների և ընկերների հետ կլցնեն զբոսայգիները, փողոցները, սրճարանները, մեր գյուղերն ու քաղաքները: Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված: Եղե՛ք առողջ, եղե՛ք զգոն: Եղե՛ք հոգատար ու սրտացավ:
Աստված պահապան բոլորիս...»։