Կլինեն մնացողներ, կլինեն փոփոխություններ․ Արայիկ Հարությունյանը՝ կադրային քաղաքականության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում նախօրեին տեղի ունեցավ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով՝ ընտրողների 80 տոկոսի ձայներով հաղթել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Վերջինս այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց՝ իրականում սա մեր ժողովրդի հաղթանակն է, որովհետև «մեր Սահմանադրությանը համապատասխան ժողովրդավարական ընտրություններ ենք անցկացրել»։
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց՝ իր քաղաքական ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել, հատուկ քաղաքական երանգ է հաղորդել՝ ընտրությունները հետաձգելու անվան տակ նպատակ ունենալով չեզոքացնել ստեղծված մթնոլորտը։
Նրա խոսքերով՝ ընդդիմախոսների մի մասը, նախօրոք տեսնելով արդեն ընտրության ընթացքը, հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով, փորձել է քաղաքական երանգավորում տալ իրավիճակին։
Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշեց․ «Եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համաճարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամը և համաճարակը՝ ընդհանուր աղետ»։
Իսկ տնտեսական խնդիրների լուծումների հարցում, ըստ Հարությունյանի, պետք է ամբողջ հայությամբ համախմբվել Հայաստանի իշխանությունների շուրջ։ Հարությունյանի խոսքերով՝ չարախնդությունը, քաղաքական այլակարծությունը թշնամի են այս իրավիճակում, և վտանգն ավելի մեծ է, քան պատկերացնում ենք։
Արցախի նորընտիր նախագահը կրկին ասաց, որ քաղաքական հետապնդումներ չեն լինի, նույնիսկ այն դեպքում, երբ նախընտրական փուլում իր հասցեին եղել են վիրավորական հայտարարություններ․ բացի մի հայտարարությունից, որը հնչեցրել է ոչ Արցախի քաղաքացի, և այդ առթիվ դիմել է դատախազություն։
«Հիմար արտահայտություններ բառիս բուն իմաստով․ «թաղումներին, կարծեմ, միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս»։ Չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու վերաբերյալ, այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր հետո պարզ կլինի․ ով է նա և ընդհանուր առմամբ մարդ կոչվելու առումով․ կարող է ունեցել է լավ փորձ, անցած ճանապարհ, բայց պետք է ապրել պարկեշտ»,- շարունակեց նա։
Կադրային քաղաքականության մասով՝ Հարությունյանը նշեց, որ կլինեն մնացողներ, կլինեն փոփոխություններ, բայց դեռ որոշում չկա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին՝ Հարությունյանն հիշեցրեց, որ խափանման միջոցի վերաբերյալ նախկինում «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները նույնպես ստորագրահավաք են արել, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ կասկածի տակ չի դնում Հայաստանի արդարադատության համակարգը։
«Կա Հայաստանում արդարադատական համակարգ, և նրանց որոշելիքն է․ ես չեմ ուզում գնահատական տալ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությանը»,- ընդգծեց նորընտիր նախագահը։
Հարությունյանը ևս մեկ անգամ նշեց, թե ինչ օրակարգի շուրջ է պատրաստ համագործակցել քաղաքական այլ ուժերի հետ․ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, Ղարաբաղյան խնդիր, անվտանգություն և Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք, իսկ մինչ այս որևէ ուժի հետ պայմանավորվածություն չի եղել։
Կրկին անդրադառնալով ընդդիմախոսների հայտարարություններին՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ՝ Հարությունյանը դրանք կրկին քաղաքական որակեց․
«Ընտրատեղամասը մեր երկրում այսօր ամենաապահով տեղն է եղել․ այսօր շուկան ավելի վտանգավոր է, խանութներն ավելի վտանգավոր են, փողոցն ավելի վտանգավոր է․ չկա մի կոչ պաշպանելու առումով, չկա մի կոչ ավելի խիստ պայմաններ, միջոցառումներ իրականցնելու առումով, որպեսզի վտանգը կանխենք, բոլորին հետաքրքրում է միայն ընտրությունը»։
Ինչ վերաբերում է Արցախում հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն ասաց, որ ՀԷԿ-երի կառուցմանը ցանկացած ոչ իրավական միջամտություններն օրենքով պատասխանատվության են ենթադրելու, իսկ եթե ՀԷԿ-ի շինարարությունը չհամապատասխանի բնապահպանական նորմերին, ապա պատժվելու են թե՛ նախագծողները, թե՛ թույլ տվողները։
«Բայց եթե բնապահպանական որևէ խախտում չկա, միջազգային նորմերին համապատասխան է, որևէ մեկ փորձի խանգարել, դա համարելու եմ մեր տնտեսական զարգացմանը խոչընդոտ, միջամտություն, ընդհուպ անվանելու եմ դիվերսիա մեր երկրի զարգացման ուղղությամբ, և պատասխան են տալու օրենքի առջև․ ով ուզում է լինի»։
Հարությունյանի խոսքերով՝ ինքը ՀԷԿ-երի շինարարության ջատագովն է, քանի որ անկախության, պարենային և էներգետիկ անկախության այլ հնարավորություն Արցախը չունի։
Մանրամասները՝ տեսանյութում