Բռնցքամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօր ուշագրավ հայտարարություն է արել.
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում»:
Աղբյուրը, սակայն, չի նշում, թե հավաքականի որ անդամի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ Լոնդոնում կայացած բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում կորոնավիրուսով վարակվել էին հավաքականի երեք անդամներ: Դրա համար թուրքական կողմը մեղադրել էր Միջազգային օլիմպիական կոմիտեին, քանի որ բռնցքամարտի վարկանիշային մրցումներն անցկացնում է հենց ՄՕԿ-ը: