Ե՞րբ քաղաքապետարանը կկատարի 100 ավտոբուսների գնումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու այսօրվա հերթական նիստում, մինչ հիմնական օրակարգին անցնելը, ավագանու նախկին անդամ, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց նույն դաշինքի ցուցակում հաջորդ համարին՝ Պավել Սարգսյանին:
Հիշեցնեք՝ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր էր դրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը սոցցանցի իր էջում տարածելու և կից գրառում անելու պատճառով։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը հրաժարվել է ավագանու մանդատից, նրա կփոխարինի ցուցակի հաջորդ համար Հռիփսիմե Հունանյանը:
Անցնելով բուն օրակարգին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաշվետվությունը:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախորդ ավագանու նիստերից մեկում ներկայացվել է, որ նախատեսվում է ձեռք բերել շուրջ 100 ավտոբուս, և գնումը պետք է հայտարարված լիներ մինչև փետրվար ամսվա ավարտը: Խաժակյանը նկատեց, որ գնումը հայտարարված չէ, և քաղաքապետարանը որևէ տեսակետ կամ պարզաբանում չի ներկայացրել:
Խաժակյանը հետաքրքրվեց, թե առհասարակ ի՞նչ գործընթաց կա տրանսպորտային համակարգի ներդրման առումով:
Քաղաքապետն արձագանքեց, որ խոսքը մրցույթ հայտարարելու մասին է եղել, փոխքաղաքապետն էլ ասաց, որ տեխնիկական պատճառներով մրցույթը չի եղել։
Բայց երեկ արդեն խոսակցություն են ունեցել մասնագետների հետ, և մրցույթը կհրապարակվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:
Մարությանը հավելեց, որ այն մասնագետները, որոնք պետք է միանային գործընթացի վերջին փուլի մշակումներին, չեն եկել կորոնավիրուսի պատճառով, որովհետև Եվրոպայում վիրուսի տարածումը սկսվել է շատ ավելի վաղ:
Հիշեցնենք, որ ավագանու փետրվարի 11-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր,, որ հենց փետրվարին պատրաստվում են 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել և հույս էր հայտնել, որ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: