Մեկուսացվածներից ևս 2-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկուսացված քաղաքացիներից եվս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակման դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի:
«Այն անձինք, որոնք մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, և նրանից երկուսի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս պահին նրանք իրենց լավ են զգում և գանգատներ չունեն, նրանց ընտանիքները արդեն մեկուսացված են, հիմա պարզվում է այլ մեկուսացված անձանց կարիք կա, թե ոչ»։
Արսեն Թորոսյանը նշեց, որ 8 հաստատված դեպքերից 5-ը նույն խմբից են, ինչը համաճարակաբանական առումով ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը, հետևաբար կարող ենք փաստել, որ 4 անկախ դեպքեր են և ոչ թե 8։ Նա նաև նշեց, որ մարտի մեկից մեկուսացման մեջ գտնվող 31 քաղաքացիների թեստերը արդեն իրականացրել են, պատասխանները կլինեն երեկոյան։
Նախարարը նշեց, որ ուսումնական բոլոր հաստատությունների դասերը դադարեցվել են մեկ շաբաթով, և հնարավոր է՝ իրավիճակից ելնելով այլ որոշում ընդունվի հետագայում։
Նախարարը կոչ արեց պահպանել սոցիալական պատասխանատվությունը, գանգատների դեպքում դիմել Առողջապահության նախարարությանը, տեղամասային պոլիկլինիկային կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, ինչպես նաև զանգահարել թեժ գծին։
«Հնարավորինս սահմանափակել շփումները մոտակա ժամանակաշրջանում այլ մարդկանց հետ, նույնը վերաբերվում է հանրային, խմբակային միջոցառումներին մասնակցելուն և փակ տարածքներում գտնվելուն։ Շփման ժամանակ պահպանել մինիմալ հեռավորություն, որովհետև գիտենք, որ վարակը տեղի է ունենում սեղմ շփման ժամանակ, հատկապես ձեռքերի փոխանցման միջոցով, կոչ եմ անում խուսափել ձեռքով բարևելուց, գրկախառնվելուց, պահել սոցիալական հեռավորություն մարդկանց միջև»։
Արսեն Թորոսյանը կոչ արեց հնարավորության դեպքում անձնական միջոցառումները հետաձգել կամ սեղմ շրջանակով կազմակերպել՝ պահպանելով կանխարգելող բոլոր միջոցները։
«Խուսափեք դիպչել դեմքին, քթին, աչքերին, օրը մի քանի անգամ ձեռքերը լվացեք օճառով՝ երկար պահելով ձեռքերը ջրի մեջ և ախտահանել ձեռքերը սպիրտով։ Իսկ տարեց և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց՝ առավել սահմանափել շփումները կամ մնալ տանը, քանի որ իրենք ավելի խոցելի խավն են։Մեր խնդիրը հիմա տարածման շղթան կոտրելն է, եթե այդպիսիք կան, մեր միջոցառումների շրջանում փորձում ենք հայտնաբերել, սակայն պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է այս շղթան կոտրելու հարցում»,- ասաց նա։