«Ժողովրդին սարքում են հանցակից»․ նստացույց Ազատության հրապարակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նոր Սահմանադրություն, ոչ Սերժի կոստյումին» կարգախոսով Ազատության հրապարակում նստացույց են կազմակերպել «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման անդամները։
Նրանք պնդում են, որ փոխելով ներկայիս Սահմանադրոության միայն մեկ հոդվածը՝ օրինականցվում է 2015 թվականի ոչ լեգիտիմ Սահմանդրությունը։
Շարժման համակարգողներից Աշոտ Աշոտյանը (Կոշկակարյան) պնդում է, որ դրված է մի հարց, որը ժողովրդին կանգնեցնում է փակուղու առաջ․
««Այո» ասելով՝ լեգիտիմացնում են 2017 թվականի Հրայր Թովմասյանի փոփոխություններով Սահմանդրությունը, ասում ես «Ոչ», լեգիտիմացնում ես 2015 թվականի Սահմանադրությունը։ Սա ունի շատ ծանր հետևանքներ, ժողովրդին սարքում են հանցակից՝ իրենց անհասկանալի կադրային փոփոխությունների համար»։
Նստացույց իրականացնողները պահանջում են չեղարկել հանրաքվեն, բացել 2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի քվեատուփերը և անցկացնել քվեների ստուգում։
Նաև պահանջում են ձևավորել Սահմանադիր ժողով, որը կիրականացնի նոր Սահնադրություն կազմելու գործընթացը։
Նրանք այս պահանջով արդեն դիմել են դատարան, ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԱԾ, ինչպես նաև Ազգային ժողովին ու վարչապետին։
Աշոտ Աշոտյանը տեղեկացրեց, որ առայժմ 5-օրյա նստացույց են անում, որպեսզի հանրությանը իրազեկեն, դրան կհետեւեն նաև այլ քայլեր։
«Մենք ռոմանտիկներ չենք, որ մտածենք, որ այս երկրում ամեն ինչ օրինական է լինելու, որ այսօր մենք պահանջեցինք, իրենք միանգամից հրաժարվելու են, այս քայլով ես հանցակից չեմ դառնալու, իմ գործընկերները հանցակից չեն դառնալու այս գործողություններին»։
Նստացույցի անդամները համարում են, որ Սահմանադրական հանրաքվեն խաբեության ձև է։
Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը նշում է, որ 2018 թվականին, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, նրանց պահանջը ոչ թե մեկ անձի մերժումն էր, այլ մեկ անձի ու նրա ստեղծած բռնապետական համակարգի․
«Ամբողջ Սահմանադրությանը պետք է ասել ոչ, և եթե ուզում են, կարող են բացել 2015 թվականի քվեապարկերը, և Սերժ Սարգսյանը իր ամբողջ կոհորտայով կգնա դատարանի առաջ»։