Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Գործարք առաջարկում են այն կողմին, որը իրենից ինչ որ բան է ներկայացնում». պատգամավորը՝ «Վստեչի Ապերի» հայտարարության մասին (տեսանյութ)

 «Համոզված եմ, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են, ոստիկանությունը պետք է գործի հատու, հստակ, երբեմն հարկադրանքի միջոցներ կիրառելով»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը իրականացված ոսոտիկանական  գործողություններին։

Պատգամավորի պնդմամբ՝ բոլորը պետք է հասկանան, որ եթե ունեն քրեական անցյալ, ներկա, կամ շատ կասկածելի ներկա, այդպես է լինում՝ անընդհատ դառնում են ոստիկանության աշխատակիցների հյուրը, հրավիրվում են կամ բերման են ենթարկվում․

«Այդ մարդիկ պետք է մշտապես գտնվեն ոստիկանության տեսադաշտում, իսկ երեկվա գործողությունները ես համարում եմ իրավաչափ»։

Ինչ վերաբերում է Վարդանյանի հայտարարությունը, թե իրեն գործարք են առաջարկել ոստիկանները՝ Խաչատրյանն ասաց․

«Գործարք առաջարկում են այն կողմին, որը իրենից ինչ որ բան է ներկայացնում, ինչ-որ ուժ է ներկայացնում կամ ինչ-որ անհաղթահարելի ուժ է լինում։ Ոստիկանությունը այն մարմինը չէ, որ կարող  է գործարք առաջարկել, ես բացառում եմ, որ ոստիկանությունը կարող է  գործարք առաջարկել, իսկ եթե կա ոստիկան, որը գնում է գործարքի, ապա այդ գործարքի գնացողները պետք է օր առաջ պատասխանատվության ենթարկվեն»։

Պատգամավորն ասում է՝ եթե Վարդանյանը նման հայտարարություններ է անում, ապա թող ներկայանա քննությանը, ներկայացնի իր առարկությունները, իր պատկերացումները և քննարկվի այդ ամենը․

«Եթե անձը փախնում է քննությունից և ինչ-որ թաքուն տեղերից ինչ-որ հայտարարություններ է անում, ես չեմ էլ ուզում քննարկեմ դրանք»։

Ինչ վերաբերում է առհասարակ ոստիկանության կողմից անձին բերման ենթարկելու ինստիտուտին և մտահոգություններին, թե Հայաստանում սա վերածվում է «շոուի», պատգամավորն ասում է, որ մեր երկրում ոստիկանությունը միշտ եղել է մեղմ, հանդուրժողական մոտեցումներով, ինչը այսօր տեղին չէ։

«Ոստիկանությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին խնդրի, աղաչի, պաղատի»,-ասում է Խաչատրյանը։

Հարցին, թե արդյոք մարդու իրավունքների խնդիր չի առաջանում, երբ մատնաշված «հատու, հստակ» մեթոդներով անձին բերման են ենթարկում, հետո պարզվում է, որ ստացված տեղեկությունները սուտ էին և անձին բաց են թողնում, Խաչատրյանն ասում է․

«Ոստիկանությունը և իրավապահները պետք է գործեն օրենքի սահմաններում, չգերազանցեն իրենց լիազորությունները, ցանկացած այդպիսի դեպքերում քննարկման առարկա է դառնում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությունը»,-վստահեցնում է պատգամավորը։

Նրա պնդմաբ՝ այսօր խնդիր կա իրավապահ մարմինների լիազորությունների հստակեցման, մի շարք դեպքերում, ըստ պատգամավորի, իրավապհ համակարգի ներկայացուցիչները դառնում են անպաշտպան, ինչը իր հետ խնդիրներ է բերում։