Հայ-վրացական սահմանին գտնվող մեքենաները սահմանը հատեցի՞ն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հայ-վրացական սահմանին գտնվող մեքենաները սահմանը հատեցի՞ն, քանի որ Վրաստանի Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի հանարավոր տարածումը կանխելու ծրագրում։ Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ըստ պայմանավորվածության պետք է ախտահանում իրականացվի, որ շարժվեն դեպի Լարսի անցակետ։
«Վրացական կողմն այսօր աշխատանքներ է տանում, երկու անցակետ է միևնույն ժամանակ սպասարկում, օրվա ընթացքում կմոտեցնեն, մինչև օրվա ավարտը այդ մեքենաների անցումը ապահովված կլինի։ Այնուամենայնիվ այդ մեքենաների քանակն այնքան չի, որ ասվել էր։ Դրանց մի մասը հավանական է, որ հարավային սահմանը փակ լինելու պատճառով, և որոշակի արտադրանքի պահանջ կլինի ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը։ Մեր տեղեկություններով մեքենաները մոտ 30-նն են, այսօր զննում կանցնեն և կհասնեն Լարս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկխոսություն է ձևավորվել։
«Տարբեր մակարդակներով սկսել են աշխատանքները, որպեսզի մենք մեր բարեկամ հարևանի հետ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»,- ասաց նա։
Վարչապետը դիմելով Առողջապահության նախարարին, խնդրեց տեղեկություն տալ աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Նախարարն ասաց, որ Չինաստանը լինելով կորոնավիրուսի վարակի աղբյուրը, նոր գրանցված դեպքերի տեմպը և մահվան դեպքերը անկում են ապրել։
«Այն նահանգը, որում սահմանափակման միջոցառումներ են իրականացվել, աստիճանաբար վերադառնում են իրենց բնականոն կյանքին։ Սակայն իրավիճակը բարդանում է Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում։ Մի քանի հարյուր դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում։ Մեր հարևան երկրներում, բացի Իրանից իրավիճակը կայուն է»,- հավելեց նա։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ ամենօրյա կապի մեջ են Առողջապահության նախարարության հետ։ Այս պահին որևէ ցուցում չկա դասերը չվերսկսելու։
«Եթե այսպես շարունակվի և առաջիկա 2 օրը ցուցում չունենանք Առողջապահության նախարարությունից, երկուշաբթի օրը դասերը կսկսեն»,- ասաց նա։