Քննիչը հնարավորություն կունենա վկային կամ տուժողին հարցաքննել տեսակապի միջոցով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթն իրականացնող մարմնին տեսակապի միջոցով հարցաքննել վկաներին և տուժողներին, եթե նրանք առողջական կամ անվտանգության խնդրներ ունեն։
«Օրինակ, երբ անձը Կապանում է գտնվում, իսկ գործը Երևանում է քննվում կամ անձն է հրավիրվում Երևան, կամ քննիչն է գնում Կապանում: Նախագծով առաջարկում ենք հեռավար կարգով հնարավորություն ընձեռել հարցաքննելու», -նշեց նախագծի հիմնական զեկուցողը։
Բաղդասարյանն ասաց, որ ըստ նախագծի, վկան կամ տուժողը հրավիրվում են իրենց գտնվելու վայրի քննչական բաժին, կամ ոստիկանություն, որտեղ և կազմակերպվում է տեսակապի միջոցով հարցաննությունը։
Մինչ այս օրենքի նախագիծը հարցաքննությունն իրականցնում էր այլ քննիչ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե սահմանվելու են արդյո՞ք հստակ չափորոշիչներ, որպեսզի հետագայում չչարաշահվի այս հնարավորությունը։
Բաղդասարյանն ասաց, որ նախագծում հստակ սահմանված են այն դեպքերը, երբ կարող է հարցաքննությունը կազմակերպվել տեսակապի միջոցով։
Ըստ Բաղդասարյանի՝ չարաշահման ռիսկ չկա, որովհետև, սովորաբար քննիչն անձամբ է շահագրգռված հարցաքննությունը կազամակերպել անմիջական շփման միջոցով։
Ըստ Բաղդասարյանի՝ նախագիծը չի ենթադրում նման հարցաքննություն կատարել արտերկրում, բայց այնտեղ գտնվողներին առաջարկվում է ներկայանալ ՀՀ հյուպատոսարան՝ հեռավար կարգով հարցաքննվելու համար: