Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Բնակարանի գնման վկայագրեր՝ Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքների (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած քսան ընտանիքների հանձնեց բնակարանի գնման վկայականներ։ 

Նախարարն ասաց՝ բնակարանի գնման վկայականների միջոցները Կառավարությունն է հայթայթել․ 2019թ․-ի պետական բյուջեով այն նախատեսված չէր։

Նշենք, որ 2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարության որոշումների համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվելու է բնակարանի գնման վկայականներ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։

«Ես շատ լավ եմ հասկանում, թե ձեզ համար ինչքան կարևոր է սեփական բնակարան, տանիք ունենալը»,- դիմելով շահառուներին՝ նկատեց պարոն Պապիկյանը։

Ըստ նախարարի՝ շահառուների ցանկում այն մարդիկ են, որոնք շուտով կարող էին առանց տանիքի մնալ։

«Որովհետև այն շենքերը, որտեղ նրանք բնակվում են, սեփական են, և սեփականատիրոջ հետ պայմանավորվածության շարունակականությամբ է պայմանավորված նրանց այնտեղ մնալը»,- նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ 2020թ․-ի պետական բյուջեով նախատեսել են 2,1 մլրդ դրամ, որը կբաշխվի 185 շահառուի միջև։ Սուրեն Պապիկյանը նաև պարզաբանեց, որ երբ շահառուն վկայագիրը ստանա, մեկ տարվա ընթացքում պետք է գնի բնակարան։

1 սենյականոց բնակարանի համար նախատեսվել է 12 մլն դրամ, 2 սենյականոցի համար՝ 14,6 մլն դրամ, իսկ 3 սենյականոցի համար՝ 17,3 մլն դրամ։

«Մենք հասկանում ենք, որ դրանք աստղաբաշխական գումարներ չեն, բայց դրանք որոշ չափով կբավարարեն նրանց կարիքները»,-հավելեց Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանը։