Արսեն Թորոսյանի մտադրությունները շատ լավն են, բայց մեթոդներն ինձ դուր չեն գալիս. Լուսինե Բադալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանն այսօր հանձնաժողովում տեղի ունեցած ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի՝ «Նորք»ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման վերաբերյալ աշխատանաքային քննարկումից հետո այդպես էլ չի հասկացել Առողջապահության նախարարության դիրքորոշումը, թե ինչու պետք է երկու կառույցները միավորվեն։
«Նպատակների, հիմնավորումների մասով թույլ էին։ Կարծում եմ, որ նման քննարկումները պետք է լինեն ոչ թե պոստ ֆակտում, այլ նախապես։ Մի պահ եղավ ինձ համար վճռական, երբ որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցն ասաց՝ դուք մեզ հետ ոչինչ չեք քննարկել, բայց ասում եք, որ մասնագիտական քննարկում է եղել, այդ դեպքում ինչո՞ւ եք անհանգստանում, որ մենք ազատման դիմում ենք գրել։ Այսինքն, եթե մասնագետներ կան, որոնց հետ դուք քննարկում արել եք, ապա բերեք, կենտրոնը համալրեք մասնագետներով և մեզ մի ապացուցեք, որ մենք սխալ բան ենք անում։ Այստեղ տրամաբանություն կա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը։
Իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց, թե մինչև աշխատանքային քննարկման գալը կարծել է, թե ինչ տարբերություն՝ ո՞վ է լինելու տնօրենը կամ ո՞ր կենտրոնից է կառավարվելու, բայց այսօրվա քննարկումը պատգամավորին ապացուցել է, որ միայն տնօրինության և կառավարման խնդիր չէ, այստեղ կան այլ հարցեր։ Թե ի՞նչ հարցեր են, Լուսինե Բադալյանը դժվարանում է պատասխանել։
Պատգամավորին հարց ուղղեցինք՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ որևէ խնդիր կա՞, նախարարի այլ թեկնածու ունի՞ և առհասարակ ինչպե՞ս է գնահատում նախարարության աշխատանքը։ Ի պատասխան՝ Լուսինե Բադալյանն ասաց․
«Ես չունեմ ավելի լավ թեկնածու, կամ չունեմ մտահոգություններ նախարարի անձի հետ։ Շատ ցավում եմ, որ ամեն ինչ պտտվում է դրա շուրջ։ Առողջապահության նախարարը հավերժ չի լինելու, վաղը կամ մյուս օրը այլ նախարար է գալու, ես վստահեցնում եմ, որ եթե նա նույնիսկ լինի իմ ամենասիրելի բժիշկը ու եթե ունենա նույն խնդիրը, օրինակ՝ ԱԺ քննարկմանը չգա նախարարը, այլ աշխատակազմի ղեկավարը, ես նույն վարքագիծն եմ դրսևորելու։ Այս խոսքերը հիշեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային քննարկմանը Լուսինե Բադալյանը հետաքրքրվել էր, թե ինչու նախարարը չի ներկայացել, ի պատասխան Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը պարզաբանել էր, որ նախարարն ու փոխնախարարները 2 օր է՝ 24 ժամյա ռեժիմով են աշխատում և այդ պահին էլ աշխատում են կորոնովիրուսի կանխարգելման միջգերատեսչական խմբում։
Լուսինե Բադալյանին այդ պատասխանը ևս չէր գոհացրել։
«Կորոնավիրուսի կանխարգելման ծանր աշխատանքները պետք է արվեին այն ժամանակ, երբ որ Չինաստանում մեկ տասնյակից զոհեր եղան։ Այդ պահից սկսած պետք է 24 ժամյա աշխատանք տարվեր, ոչ թե երեկվանից կամ դրա առաջին օրվանից»,- նկատեց նա։
Հարցին, թե կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքի շուրջ էլ դժգոհություններ ունի՞, Լուսինե Բադալյանն արձագանքեց․
«Ես մի բան հաստատ գիտեմ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միշտ շատ լավ մտադրություններ ունի, ես երբեք կասկածի տակ չեմ դնում նրա մտադրությունները, որովհետև ես վստահ եմ, որ ինչ-որ արվում է, լավ բանի համար է արվում, բայց մեթոդներն ինձ դուր չեն գալիս»,- նկատեց Լուսինե Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։