«Միակ հանրաքվեն է, որ բանի տեղ չի դնում Վենետիկի հանձնաժողովին»․ քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրաքվեն զուտ իրավական գործընթաց չէ, այն քաղաքական է, կարծում է քաղաքագետ Արմեն Բադալյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իշխանությունը այս հանրաքվեի ընթացքում ևս «սև ու սպիտակի» բաժանում է անում։
«Նորից շարժվում է մերժելու նույն կարգախոսով։ Դա նշանակում է, որ այս 2 տարիների ընթացքում ոչինչ չի արվել»։
Քաղաքագետը համարում է, որ 2018թ․-ից Հայաստանում կառուցվում է անձնիշխանական համակարգ․ «Հայաստանը որդեգրել է Բելառուսի կառավարման ուղին, բայց ի տարբերություն այնտեղի կիսանախագահական համակարգի՝ մեզ մոտ սուպերվարչապետական է։ Փորձ է արվում բոլոր անկախ կառույցները մեկ համակարգի մեջ տեղավորել, որոնք կսպասարկեն մեկ հոգու՝ այս դեպքում վարչապետի շահերը»,- ասում է նա՝ հավելելով, որ ներկայիս համակարգը չի հանդուրժում անկախ մարմինների գոյությունը՝ ինչպիսին, օրինակ, Սահմանադրական դատարանն է։
Քաղաքագետի համոզմամբ՝ այս հանրաքվեում «ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, եթե քարոզարշավը գրագետ տարվի, քանի որ «ոչ»-ի համար դրդապատճառներն ավելի ուժեղ են, քան «այո»-ի։
Բադալյանը ասում է, որ կայանալիք հանրաքվեն Եվրախորհրդի տարածքում աննախադեպ է, քանի որ միակն է, որ «բանի տեղ չի դնում Վենետիկի հանձնաժողովին»։
«Եվ եթե Եվրախորհուրդը որևէ բան չձեռնարկի, ապա հաջորդիվ մյուս երկրները ևս նման փորձեր կանեն»,-ասում է նա։
«Ա1+»-ի հարցին, արդյոք հանրաքվեն փո՞րձ է հետագա գործընթացների պատասխանատվությունր ժողովրդի վրա դնելու, քաղաքագետը պատասխանում է․
«Եթե ինչ-որ ժամանակ հետո նոր իշխանություն գա, ապա ներկայիս իշխանությանը դատի է տալու սահմանադրական կարգ տապալելու համար, ու էստեղ ժողովուրդը չի պատասխան տալու, այլ բոլոր այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել»։