Երկու վստահված անձի մահ է արձանագրվել․ պատգամավորը՝ Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախօրեին տեղի ունեցան Ադրբեջանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Ընտրություններին անդրադառնալով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Տաթեւիկ Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանի ընտրական պատմությանը հավատարիմ՝ դրանք ընթացան կեղծիքներով, բռնություններով և ճնշումներով։
«Այս անգամ ավելի հեռուն գնացին, երկու վստահված անձի մահ է արձանագրվել։ Թեև երկուսի դեպքում էլ նշվում է սրտի կաթված, այնուամենայնիվ ընդդիմադիր ակտիվիստները արձանագրել են, որ երկուսն էլ ակտիվ կերպով տեղեկացրել են իշխող ուժի թեկնածուի օգտին արվող ընտրախախտումների մասին»։
Տաթևիկ Հայրապետյանի հավաստմամբ՝ երեկ ընդդիմադիր կայքերը և օգտատերերը արձանագրել են բազմաթիվ խախտումների մասին, կան բազմաթիվ տեսանյութեր հրապարակումների, լցոնումների, ոստիկանության միջամտությունների մասին։
«Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները հրապարակվեցին, ըստ որոնց՝ իշխող ուժը 125 տեղից ստացել է 60-ը։ 45-ը բաժին է հասել անկախ պատգամավորներին, որոնք ևս իրականում իշխող ուժի ներկայացուցիչներ են, իշխանության ենթակա փոքր կուսակցություններ, 1-ական տեղ են շահել, միակ փոփոխությունը քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի ներկայացուցչի անցնելն է խորհրդարան, որը կարող է միակ ընդդիմադիրը դիտվել։ Թեև դրա հետ կապված էլ հարցականներ կան»։
Աժ պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից կանխատեսումներ կան, որ տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ, որով իշխանությունը կանցնի Մեհրիբան Ալիևային։
Անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին՝ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ Արցախում ժողովրդավար ազատ, արդար ընտրությունների անցկացումը շատ կարևոր է։
«Այն մեզ համար միջոց է բանակցային գործընթացի համատեքստում ներկայացնել, որ առանց Արցախի մասնակցության առաջընթաց չի կարող գրանցվել, և բոլոր ինստիտուտներով ավելի ժողովրդավար ընտրություններ են անցկացվում։ Իրականում ընտրախախտումների արձանագրումները միջազգային հարթակներում ցույց են տալիս այն հսկայական անջրպետը, որ առկա է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև։ Տեղյակ եք, որ Ադրբեջանի առաջարկին՝ Արցախը մասնակցի ընտրություններին, Արցախի կողմից ստացան պատասխան՝ եթե երաշխավորեն անվտանգություն, որպես դիտորդներ կկիսվեն իրենց փորձով և պատրաստ կլինեն դիտարկել ընտրությունները, քանի որ ունեն ընտրական պատմության փորձ»։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացմանը՝ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրենք այս ձևով ընտրել են ամենաժողովրդավար ուղին․
«ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր որոշումը իրացնել, և մարդիկ փոքրացնում են խնդիրը Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների վերաբերյալ։ Գիտեք, որ ոչ վաղ անցյալում մեր մոտ էլ էին ընտրությունները կեղծվում, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հենց նույն Սահմանադրական դատարանը վավերացնում էր կեղծված ընտրությունները։ Սահմանադրական դատարանի հետ կապված պետք է դառնա հեղափոխության կարևոր երաշխիք, որ որևէ ուժ չփորձի ընտրություն կեղծի, և եթե գնա այդ ճանապարհով , հանդիպի անաչառ Սահմանադրական դատարանի գնահատականի։ Սա այն ուղին է, որ մենք տալիս ենք ՀՀ քաղաքացուն, և վստահ եմ՝ քաղաքացին անելու է իր քայլը»։
Դիտարկմանը, թե որքանո՞վ են քաղաքացիները իրազեկված ընտրություններին մասնակցելու համար, Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրականացվելու են իրազեկող քարոզարշավներ։