Արժե՞ Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե քննարկում ենք իրավական բնույթի հարց, ապա իրապես իրավունքի դաշտից դուրս ենք։ Եթե քննարկում ենք քաղաքական հարց, ապա քաղաքական մեծ սխալի ճանապարհին ենք։ Եթե քննարկում ենք ինչ-որ մարդկանց խնդիր լուծելու հարց, ապա, կարծում եմ, ափսոս ենք մենք՝ այսքանով, որ քննարկում ենք ինչ-որ մարդկանց հարց»,- Ազգային ժողովում Սահմաանդրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հանրաքվեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ պարզ է, որ այսօր ամենահեշտը Հանրապետականներին հայհոյելն է, ասել այն ամենը, որ բոլորը գիտեն, մեղադրել նախկին իշխանություններին, սակայն կան ներկաները, և ակնկալիքները ներկաներից են։
Պատգամավորի գնահատմամբ՝ այսօրվա նիստը ժամը 13։00-ից սկսած հակասահմանադրական է, Սահմանադրական այս փոփոխությունները հակասահմանադրական են․ «Արվում է նման սխալ քայլ քաղաքական խնդիր լուծելու համար։ Եվ ընդ որում քաղաքական խնդիրն իշխանության քաղաքական խնդիրն է, ժողովրդի քաղաքական խնդիրը չէ։ Եվ անդադար ասել, որ ժողովրդի խնդիրն է, այստեղ չի ստացվում»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը։
Մարուքյանն ասաց, որ հարց է ուղղել քաղաքացիներին, թե «քանի՞ հոգի է բախվել ՍԴ պատին», պատասխանը «զրո» է եղել, «քանի՞ ռեֆորմ է այս ՍԴ-ն տապալել», պատասխանը՝ «զրո»։ Դիմելով գործընկեր պատգամավորներին՝ նա ասաց․ «Ուզում եք փոխեք, էդ մի հոդվածով 7 դատավորների լիազորությունները դադարեցնեք։ Էդ դատավորները մտնելու են առաջին ատյանի դատարան, հիմնավորելու են , որ իրենց նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, այն 1 միլիարդ դրամը, որ նախատեսել էիք, տալու եք իրենց»։
Պատգամավորը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր, և որ Արցախում 2020-ին կայանալիք ընտրությունների ֆոնին մտնելու է նաև սա։ «Արժե՞ Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել և զոհաբերել․ ես կարծում եմ, որ ոչ։ Արժե՞ Հրայր Թովմասյանի կամ մյուսների համար հասնել նրան, որ միջազգային կառույցներում մեր վերաբերյալ հայտարարություններ ընդունվեն։ ԵԽԽՎ կայքում վերջին երկու հայտարարություններն ուղղված են եղել Ադրբեջանին, Վրաստանին, և երրորդը մեր մասին է, ինչի՞ համար»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։