Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեզանից գլուխ չեմ հանում․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Լուսավոր Հայաստանին» (տեսանյութ)

«Նախ կարճ ակնարկ պարոն Բաբաջանյանին։ Պարո՛ն Բաբաջանյան, կարծում եմ՝ չարժե լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ և հեղափոխականից ավելի հեղափոխական, մնացածը հետո Ձեզ առանձին կբացատրեմ»,- Ազգային ժողովում ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնող դրույթի հանրաքվեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ Ռուբինյանն ասաց, որ վերջինս, սկզբում լինելով Արդարադատության նախարար, մասնակցել է 2015 թվականին ընդունված Սահմանադրության նախագծմանը, ապա որպես Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ մասնակցել է դրանից բխող օրենսդրական ակտերի ընդունմանը, հետո ընտրվել է ՍԴ նախագահ ԱԺ-ի կողմից և ոչ թե ՍԴ դատավորների կողմից։

«Ի հեճուկս այն փաստի, որ ըստ իր երազած Սահմանադրության՝ նա պիտի ընտրվեր 6 տարով և ոչ թե Ազգային ժողովի կողմից, այլ՝ ՍԴ անդամների կողմից։ Այսինքն՝ գործ ունենք Սահմանադրության ոգու խախտման հետ։ Ավելին նշյալ անձը հետագայում արել է քաղաքական հայտարարություններ, և ՍԴ մյուս անդամները չեն կանխել և ոչինչ չեն արել ստեղծված իրավիճակը լուծելու համար և Սահմանադրության խախտված ոգին վերականգնելու համար»,- նշեց պատգամավորը։

Հետագայում, հանձնաժողովի նախագահի խոսքերով, կառավարությունը և ԱԺ-ն արել են քայլեր, որպեսզի լուծվի խնդիրը և արձանագրված է, որ այդ քայլերը եղել են օրինական և իրավական ընթացակարգերի պահպանմամբ, սակայն «մեկնված ձեռքը» չի սեղմվել։ Ըստ Ռուբինյանի՝ հիմա թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ ժողովրդավարական, թե՛ տրամաբանական տեսանկյունից ճիշտ լուծում է առաջադրվել, որը հանրաքվեն է։  

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց․ «Սիրելի՛ գործընկերներ, ես ձեզանից այդպես էլ գլուխ չհանեցի։ Ես ձեզանից գլուխ չէի հանում հեղափոխությունից առաջ, գլուխ չէի հանում հեղափոխության ժամանակ, գլուխ չէի հանում հեղափոխությունից հետո, գլուխ չեմ հանում հիմա»։ 

Ռուբինյանը Լուսավորականներին հստակ դիրքորոշում հայտնելու կոչ արեց․ «Ասե՛ք՝ «Ժողովուրդ ջա՛ն, մենք կարծում ենք, որ սխալ է, որ 7 անդամները փոփոխության արդյունքում, ներառյալ Հրայր Թովմասյանը, դադարեն լինել ՍԴ անդամներ», ասեք՝ «մենք էսպես ենք կարծում»։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ դիրքորոշումը շատ ավելի հասկանալի և հարգված կլինի առնվազն իմ կողմից, քան մշտապես «վոկրուգ դա օկոլո»»։

Մանրամասները՝ տեսանյութում։