Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

2015-ին ընդունված Սահմանադրությունը «սերժիզմի» հավերժացումն է․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Հայաստանի քաղաքացին մեկ անգամ իր վստահությունը հայտնել է Սահմանադրական դատարանին, դա 2003 թվականի նախագահական խայտառակ ընտրությունների վիճարկման ժամանակ էր, երբ ՍԴ-ն որոշեց վստահության հանրաքվե անցկացնել։ Այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի անց, կհիշեն լրագրողներ Նաիրա Զոհրաբյանը, Վահագն Հովակիմյանը և դաժան ծեծի ենթարկված, այդ իրադարձությունները լուսաբանող Հայկ Գևորգյանը»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Եվ թե ինչ տեղի ունեցավ այստեղ դարանակալած հատուկ ջոկատայինների դուրսբերմամբ մեր հազարավոր քաղաքացիների հետ, տասնյակ կուսակցությունների առաջնորդներ,ինչպես ընդհատակում մնացին այդ իրադարձություններից հետո, ՍԴ և ոչ մի անդամ, ոչ մի նախագահ չփորձեց պաշտպանել իր իսկ որոշման հետեւանքով մեկ տարի հետո Բաղրամյան պողոտայում հայտնված քաղաքացուն»։

Ըստ Բաբաջանյանի՝ այդ դատարանի նկատմամբ տոտալ անվստահությունն էր, որ մարդիկ չսպասեցին ՍԴ որոշմանը և 2008 թվականին օրեր շարունակ մնացին փողոցում և սպանվեցին։

«ՍԴ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն արմատական քայլերի միջոցով, որպես ԱԺ, որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին՝ մենք պարտավոր ենք գնահատական տալ՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել մեր պետության հետ,  բաց տեքստով բացահայտել, որ Հայաստանում իշխանության բռնազավթման թիվ մեկ մարմին է եղել Սահմանադրական դատարանը»։

Ըստ Բաբաջանյանի՝ հենց ԱԺ-ն պետք է բացահայտի պետության բռնազավթման հասցրած ժողովրդագրական, ռազմական, տնտեսական կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասները։

«Այդպիսի գնահատականն այսօր կարգելեր, որ նախկին հանցագործները այսօր հագնեին քաղաքական ընդդիմության դիմակը և եվրոպաներում քաղհալածյալ ներկայանային»։

Դիմելով ԱԺ պատգամավոր Ռումեն Ռուբինյանին՝ Բաբաջանյանն ասաց․

«2015 թվականին այսպես կոչված ընդունված Սահմանադրության ոգին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քրեական հանցագործների, օլիգարխիայի, թալանչիների, պետության ու  պետական մեքենան կեղեքողների, սերժիզմի հավերժացումն է»։

Բաբաջանյանը հորդորեց չպաշտպանել այդ Սահմանադրության ոգին։

«Սահմանադրության 2-րդ հոդվածը բոլորիս պարտավորեցնում է՝ որպես այս խորհրդարանում Հայաստանի քաղաքացիների հավաքական ներկայացուցչական մարմին պաշտպանել ՀՀ քաղաքացիներին իր վրա ոտքերը կրկին սրբել պատրաստվող կենդանիների ոհմակից»։

Բաբաջանյանը նաև ընդգծեց, որ պատգամավորների գերակշիռ մասը խորհրդարանում չէր լինի, եթե տեղի չունենար 2018 թվականի թավշյա հեղափոխությունը։

«Եվ տեղի չունենային անցնցում և անարյուն։ Այդ անարյունությունը մեր ինքնիշխանության ցուցիչն է, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հենց անարյուն բնույթը մեծագույն վտանգ է ներկայացնում մեր պետության ինքնիշխանության վրա պարբերաբար ոտնձգություն իրականացնող արտաքին ուժային կենտրոններին, որոնցից առնվազն մեկին այս ՍԴ նախագահը թույլատրել էր դարձնել 5-րդ շարասյան յուրօրինակ ֆորպոստ»։

Բաբաջանյանն ասաց՝ այս հանրաքվեով բռնազավթված Սահմանադրությունը վերադարձնում ենք ժողովրդին։