Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հորդորը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծի հետկանչին,  նշեց՝ որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել․ օրենսդրական նախագծի փաթեթը հետ է կանչվել։

«Եկեք հասկանանք, որ Ազգային  ժողովի նիստը, որը չեղարկվել է, նշանակում է օրակարգը, որը հաստատել ենք այլևս գույություն չունի, օրակարգ է բերվելու նոր հարց»,- ասում է նա։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց  Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը «ինքն իր ոտքին է կրակում»։

«Ես մշտապես զարմացել եմ, որ պարոն Մարուքյանը, լինելով փորձառու պատգամավոր, ինչո՞ւ է այդքան հաճախ էմոցիաներին տրվում՝ ձեռքերով թափահարում,  Հրայր Թովմասյանի հետ է խոսում տեսախցիկների միջոցով»,- ասում է Սիմոնյանը։

Նա Էդմոն Մարուքյանին հորդորեց լինել ավելի հանդարտ․ «Պարո՛ն Մարուքյան, Հրայր Թովմասյանը ձեզ բոլոր ձևերով էլ լսում է»։

ԱԺ փոխխոսնակն ընդունեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի հանգուցալուծման քաղաքական որոշում է կայացվել: 

«Այստեղ չկա անփութություն, կա մարտավարություն: Նայած պահի, նայած ժամանակ՝ ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Քաղաքացիներին հրավիրել ենք Ազգային ժողովի մոտ, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով ենք գնում: Այո, քաղաքական որոշում է կայացվել, որ Սահմանադրական դատարանում, և դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու՝ որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից», - ասաց նա:

Հարցին, թե իշխանությունը հակվա՞ծ է հանրաքվեի դնել այս նախագիծը, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Ես ձեզ հիմա դա չեմ ասի, բայց կասեմ հետեւյալը՝ մենք որեւէ խնդիր չունենք հանրաքվեի դնելու հետ կապված: Նաեւ վարչապետը հայտարարել է, որ ուղիղ կառավարումը մեզ համար ամենաընդունելի եւ գործածելի տարբերակն է»։