Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անձնական վիրավորանք է․ վարչապետը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։

«Սա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից ուրախ իրադարձություն է ։ Տխուր է,  որովհետև ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար։  Վիրավորական է, որ ՀՀ դրոշի ներքո, զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար վերցնել 5000 դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար։ Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների հասցեին»։

Վարչապետը հայտարարեց՝ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության․

«Եթե ՀՀ-ում կար մեկը, ով կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը , հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել։ Եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն գնալու ենք»։

Վարչապետը հայտնեց նաև՝ այս գիշեր Բավրայի մաքսատանը հայտնաբերվել է մաքսանենգության դեպք, որում ներգրավված են մի շարք աշխատողներ, այսինքն ՝ այդ մարդիկ աջակցել են ապրանքներ ներկրել առանց որևէ մաքսային ձևկերպման․

«Ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն նայում, կայքերին չեն հետևում, լուրերին չեն հետևում։ Եթե որևէ մեկին թվում է, որ մենք այստեղ հրապարակային մի բան ենք խոսում, աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան, այդ մարդիկ սխալվում են, մենք կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից, մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի»

Վարչապետը վստահեցրեց՝ ով կկասկածի, կճաշակի դրա ամենադառը պտուղները։