Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Իշխող ուժը ցանկանում է այս նախագծով ազատվել ՍԴ անցանկալի անձերից․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրության 213-րդ  հոդվածում։

Առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել։

Հիշեցնենք, որ միայն Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել ՍԴ դատավոր Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց 2018թ ապրիլից հետո։

«Ա1+»-ը նախաձեռնության վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից, սակայն նրանցից մի քանիսը հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ այսօր չեն ցանկանում խոսել և վաղը՝ ԱԺ արտահերթ նիստին մեկնաբանություններ կտան։ 

Խորհրդարանական 2-րդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը այս նախագծի վերաբերյալ դեռ քննարկում չի ունեցել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը և ներկայացրեց իր անձնական կարծիքը։ 

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ իշխող ուժը ցանկանում է այս նախագծով ազատվել Սահմանադրական դատարանում անցանկալի անձերից, ինչը հակասում է Սահմանադրությանը։ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Սահմանադրության 213-րդ  հոդվածն արդեն իրացվել է, քանի որ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ է մտել 2018թ․ ապրիլին։ 

«213-րդ հոդվածն արդեն սպառվել է, և հիմա իրենք տեսնելով, որ այլ ճանապարհ չունեն, որ Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից ազատվեն, ընտրել են այս ճանապարհը։ Բայց այս ճանապարհն ապօրինի է։ Այստեղ կա հետադարձ ուժի նորմի խախտման վտանգ, որն անձի վիճակը վատթարացնող նորմ է, իսկ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ անձի վիճակը վատթարացնող նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ ոչ մի պարագայում։ Բացի այդ, մենք բախվում ենք նաև աշխատանքից կամայականորեն ազատվելու արգելքի և՛ սահմանադրական, և՛ միջազգային իրավական ամրապնդում ստացած նորմերով»,-  մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի, 1-ին մասի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ աշխատողը չի կարող աշխատանքից ազատվել կամայական կերպով։

Այդ դրույթն ավելի կոնկրետ արտացոլված է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի հոդվածներից մեկում, որի համաձայն՝ արգելվում է անձին առանց պատճառի աշխատանքից ազատել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ 

 ԲՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ իշխող խմբակցության անդամները նախագծում պարզապես հղում են արել արդեն իսկ իրացված դրույթի, և գրել են, որ  ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարում է։ 

«Դա նշանակում է խախտել երաշխավորված աշխատանքի միջազգայանորեն ճանաչված իրավունքը, երաշխավորված աշխատանքի սահմանադրական ամրապնդում ստացած իրավունքը։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը ծնվել է հավանաբար հրատապ ստացված ցուցումի  արդյունքում, որովհետև նախագիծն ԱԺ կայքում տեղադրվել էր որպես միանձնյա հեղինակային իրավունքի օբյեկտ՝ միայն Վահագն Հովակիմյանի կողմից, հետո իրենք երևի գլխի են գցել Հովակիմյանին, որ սա սահմանդրությամբ փոփոխություն կատարելու նախագիծ է, և պետք է երկու երրորդով ներկայացվի»,- ասաց նա՝ այդ որակելով անփույթ աշխատանք։ 

 Գևորգ Պետրոսյանը համոզված է, որ «Իմ քայլի» նախաձեռնությունը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածին։

«Իրենք բախվելու են Սահմանադրության 168-րդ հոդվածի, 1-ին մասի 2-րդ կետի հետ, որովհետև իրենց ամբողջ նպատակը Սահմանադրական դատարանին մեկուսացնելն է սահմանադրական գործընթացներից, որը հակասում է 168-րդ հոդվածին, իսկ այդ հոդվածը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։

Հետևաբար՝ իրենք ինչ էլ ընդունեն, վաղը, մյուս օրը ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերրորդով, կարող են այդ ընդունվելիք փաթեթի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Անկեղծ ասած՝ ինձ ոչ թե ուրախացնում է, որ այսպիսի անհեռատես նախաձեռնությամբ է հանդես գալիս իշխանությունը, որ մենք չարախնդանք, այլ այստեղ ես սկսում եմ անհանգստանալ մեր երկրի հեղինակության մասին։ Այս ամեն ինչը տեսնում են դրսում»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։