Դա լկտի պահվածք էր․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի ելույթի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե «մի գեղեցիկ օր ինքն է պառկեցնելու իրավապահներին ու ոտքերը մաքրի իրենց վրա» համարում է լկտի պահվածք։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այդ պահվածքը դեմ էր ՀՀ պետականությանն ու անվտանգությանը։
«Նախ ես չեմ տեսել, որ Ռուբեն Հայրապետյանին որևէ մեկը պառկեցրել էր ասֆալտին։ Հակառակը՝ նրա բնակարանում կատարվող գործողություններին, նա ազատ, իր ախռանիկների հետ պտտվում էր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե անհրաժեշտություն կա, ապա ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կարող է բերման ենթարկվել, և նախկին իշխանության ներկայացուցիչները «վերին արտի ցորենը չեն»։
«Ոտքեր մաքրել անցյալում մենք տեսել ենք, թե ինչ հետևանք ունեցավ Վահե Ավետյանի դեպքում։ Այնտեղ ոտքեր մաքրում էին ոչ թե ասֆալտին պառկեցնելու համար, այլ խնջույքից հետո զինվորական բժշկի հետ կոնֆլիկտ ունենալու արդյունքում»,- հիշեց Անդրանիկ Քոչարյանը և նկատեց, որ հենց այդ պահվածքի պատճառով էր, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ եղան։
Իշխող ուժի պատգամավորը կարծում է, որ ոստիկանությունն անելիք ունի։
«Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ոստիկանության պատերի տակ որևէ մեկը իրեն թույլ տար նման արտահայտություն անել»,- ասաց նա ու հավելեց, որ ոստիկանությունն իրենց վերապահված լիազորությունները իրականացրել է, հակառակ դեպքում դժվար որևէ մեկը կարողանար նման արտահայտություն հնչեցնել։
«Ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ինքը ուժային կառույց է և ոստիկանության, և առհասարակ որևէ կառույցի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի։ Անցյալ ամիս մենք ոստիկանությանը տվել էինք լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք վստահություն ձեռք բերեն։ Բայց երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր, նա ստացավ հարված, որը միայն ոստիանությանը չէր, այլև լեգիտիմ իշխանությանը միտված հարված էր, որը լավ մտածված էր»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նաև համոզված է, որ ոստիկանությունը գիշերը պետք է իր սխալն ուղղեր։