Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաստարկները, թե Գագիկ Խաչատրյանը կարող է խոչընդոտել  գործի քննությանը անհիմն են. փաստաբան (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  դռնփակ նիստում  քննել է   ՊԵԿ նախկին  նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքը։

Դատական նիստից հետո,  փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ   զրույցում ասաց, որ այսօր դատարանը որոշում չկայացրեց։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը՝ 11։00-ին։

Ըստ փաստաբանի՝ միշտ նույն հիմնավորումն են բերում,  թե Գագիկ Խաչատրյանը ազատության մեջ լինելով  կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Մինչդեռ ըստ նրա՝ Գագիկ Խաչատրյանը ազատության մեջ լինելով պատշաճ վարքագիծ է դրսևորել։

«Դրան  հակառակ  մենք ասում ենք, որ 2015թ․-ից Գագիկ Խաչատրյանը  պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայում և վիրահատությունների է ենթարկվել։ 2018-ին նա ողնաշարի վիրահատության է ենթարկվել և պարտադիր հետվիրահատական բուժում պետք է ստանար, սակայն քրեական գործ է հարուցվել և մեկ զանգով Գագիկ Խաչատրյանը ընդհատել է բուժումը, պայմանով, որ հետագայում կվերադառնա։ Նա եկել ու ներկայացել է վարույթն իրականանցնող մարմին։ Հիմա այսքանից հետո հարց՝ վարույթ իրականացնող  մարմինը, դատարանը ո՞ր փաստարկով են գտնում, որ եթե անձը իմանալով, որ հանցագործության հետ կապված իրեն կանչում են և ներկայացել է, ինչու՞ պետք է  ազատության մեջ մնալու դեպքում այս պահին թաքնվի»,- նկատեց Երեմ Սարգսյանը։ 

Փաստաբանը հավանական է համարում, որ անձը ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել նախաքննական մարմնին, բայց դրանք պետք է կոնկրետ փաստական տվյալներով ապացուցված լինեն։

«Եթե Գագիկ Խաչատրյանը վերադարձել է ու մարտ ամսից մեղադրյալի կարգավիճակ ունի և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, ապա մոտ 5 ամիս  գտնվելով ազատության մեջ, ընդհանրապես որևէ փաստական հիմք չկա, որ որևէ կերպ փորձել է խոչընդոտել։ Եթե խոչընդոտման փաստ լիներ, պարտավոր էին  այդ ստորագրության խափանման միջոցը վերացնել այդ հիմքով, բայց նման հանգամանք չի եղել»,- նշեց  Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հարց է բարձրաձայնում՝ երբևէ Գագիկ Խաչատրյանը խոչընդոտե՞լ է քննության ընթացքին ու պատասխանում՝ ոչ,  չէ որ նա  2019-ի փետրվարից տեղյակ է եղել, որ քննություն է իրականացվում և իր  նախկին աշխատակիցները, հարազատները, ծանոթները հարցաքննվում են։

«Այս փաստարկները բացարձակապես անհիմն ու դատարկ են»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի օգոստոսին  Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է  առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ:

ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։