Այս պահին բանակցային փաստաթուղթ չկա․Նարեկ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքագետ Նարեկ Մինասյանը վստահեցնում է, որ ոչ Ժնեւից առաջ եւ ոչ էլ հիմա ակնկալիքներ չի ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։
«Պետք է արձանագրել, որ արդյունքների առումով լուրջ ակնկալիքներ չկար՝ հաշվի առնելով մի քանի պարզ հանգամանքներ՝ նախ և առաջ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումների պահպանումը»,- հայտնում է Նարեկ Մինասյանը։
Ըստ նրա՝ մոտակա ամիսների ընթացքում ևս պետք չէ ակնկալել բանակցային առաջընթաց, իսկ պատճառը թե' Արցախում, թե' Ադրբեջանում առաջիկա ընտրություններն են։ Փետրվարի 19-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, իսկ մարտի 31-ին Արցախում՝նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
«Ընտրական գործընթացները որոշակի դադար են մտցնում բանակցային գործընթացում , և այդ փուլերում ինչ- որ լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,- նշում է Նարեկ Մինասյանը։
Բանակցային առաջընթացում կարևոր քայլ կարող է լինել Արցախի վերադարձը բանակցային սեղան։
«Այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել, և պատահական չէ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Ինչպես հայտնի է՝ հայկական կողմը պնդում է՝ բանակցային գործընթացի ձևաչափը պետք է վերականգնվի, այսինքն Արցախը ինչպես եղել է 94-95 թվականներին ձևավորված բանակցային գործընթացի կողմ այժմ ևս պետք է վերադառնա»,- հիշեցնում է Նարեկ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ բանակցային սեղանին «այս պահի դրությամբ որևէ փաստաթուղթ չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։