Բացել լրահոսը Փակել լրահոսը
3cc2aff7-1557-1000x708-100-scale
A A
Քաղաքականություն

Պետք է զսպվի իշխանության հակաօրինական ախորժակը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Մենք շարունակում ենք պնդել, որ մեր երկրի զարգացման լավագույն ձևը պառլամենտական կառավարման համակարգն է»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է նախատեսվող Սահմանադրական փոփոխություններին, Մինասյանն ասում է՝ հաշվի առնելով դատական իշխանության հանդեպ այս աննախադեպ ճնշումները՝ հանգում ենք մեկ բանի․

«Եթե իրենց նպատակը սեփական քաղաքական հայացքներին համապատասխան դատական իշխանություն ձևավորելն է, սա ընդունելի չէ, եթե բազմաթիվ հարցեր, որոնք սահմանադրական կարգավորումների միջոցով կարիք ունեն հստակեցման, ավելի համակարգը առողջ դարձնելուն, անշուշտ մենք ինքներս էլ ենք պատրաստ դրան մասնակցելու»։

Մինասյանի գնահատմամբ՝ այսօրվա իշխանությունը արհամարհում է քաղաքական համակարգը․

«Իշխանության այս «ամեն ինչ գիտեմ» վարքագիծը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի և ակնկալել, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններում միայն ազնիվ նպատակ է հետապնդում, առնվազն այս պահին մշուշոտ է»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, Մինասյանն ասում է․

«Մենք տեսնում ենք, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտումը դարձել է ամենօրյա վարքագիծ ԱԺ պատգամավորների, գործադիր իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից»։

Մինասյանն ասում է՝ բազմաթիվ նորմեր, որոնք ամրագրված են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում, Սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված էթիկական նորմերը պատգամավորները հաճախ վերածում են նորմատիվ այնպիսի բնույթի, որ իրենք են դառնում ՍԴ դատավորի դատավոր:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե իրավունքի գերակայությամբ, ոչ թե սահմանադրական նորմերի անմիջական  գործադրման պարտավարությունը ընկալելով, այլ սեփական  քաղաքական շահն առաջ տանելու մղումով․

«Ես չեմ էլ բացառում, որ ցանկացած փոփոխություն, առաջարկ, ինչպես նախընթաց ժամանակահատվածն է ցույց տալիս, ծնվում է  քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների մոտ՝ զուտ տվյալ պահին քաղաքական այս կամ այն շահը  սպասարկելու համար: Քաղաքական համակարգում իշխանությունների տարանջատման սկզբունքը կարևոր համարելով՝ նշեմ, որ պառլամենտական կառավարման համակարգում տարանջատման սկզբունքի երաշխավորը ոչ թե չհիմնավորված հակադրություններն են, այլ ընդդիմության և իշխանության քաղաքական մեծամասնության հարաբերակցությունը, որ ապահովում է հակակշիռ»։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից կողմից Նիկոլ Փաշինյանին գրիչ նվիրելու շուրջ ստեղծված աղմուկին՝  Մինասյանն ասաց՝ ամոթ  է համարում գրիչի  մակարդակի կամ ԱԺ փոխնախագահի մակարդակով արտաբերած «ցածրակարգ մոտեցումները»։

Նրա խոսքով՝ պատիվ չի բերում երկրի կառավարման համակարգում ներգրավված մարդկանց՝ այս մակարդակի զրույցները․

«Բայց այն, որ  գործող քաղաքական իշխանությունը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակներում, ու նաև իրավապահ մարմինների միջոցով ակնհայտորեն, անթաքույց հարձակում են գործել դատական իշխանության վրա, սա վաղուց է հայտնի»:

Մինասյանի խոսքով՝ քաղաքական իշխանությունն ամեն գնով, իր խոսքով, նույնիսկ այս ցածրակարգ մակարդակի՝ գրիչ նվիրելուց սկսած, ավարտած գրկախառնությունների մեխանիզմներով, փորձ է անում ազատվել ՍԴ-ից․

«Եկել է ժամանակը և պահը, որ հայ հասարակությունը, քաղաքական ուժերը, բոլոր այն շարժումները, բոլոր այն ուժերը,  ում համար չափազանց կարևոր  են իրավական պետության  նվազագույն սկզբունքների պահպանումը, դեմ արտահայտվեն այս մոտեցումներին, կոնկրետ քաղաքական ակցիաներ պետք է իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, քաղաքական իշխանության անբացատրելի, հակաօրինական ախորժակը»:

Մինասյանն ասում է՝ ատելության, թշնամանքի, մեկը մյուսի դեմ հանելու սեփական ցանկությունն ամեն գնով ժողովրդի անվան տակ փաթեթավորելու իշխանության վարքագիծը տանելու է առճակատման․

«Օր առաջ հասարակության պատասխանատու քաղաքական, հանրային հատվածը պետք է միավորվի այս օրակարգի շուրջ՝ թույլ չտալու սահմանադրական կարգի հերթական տապալումը»։

«Ա1+»-ի հարցին, թե երբ խոսում է իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման սկզբունքի խախտման մասին, չի՞ կարծում, որ դատական համակարգում վերափոխումների, հանրության վստահության բարձրացման խնդիր կա, Մինասյանն ասաց՝ խնդիր կա, և իրենք առաջարկում են դատական իշխանության բարեփոխումների օրենսդրական և հանրային ռեսուրսների ներկայացում, քննարկում․

 «Դա նշանակում է ողջամիտ, ողջախոհ քննարկումների միջոցով հասնել նախ և առաջ օրենսդրական կարգավորումների, ոչ թե անձնավորված, թիրախավորված  և հայոյախառն արտահայտություններով ճնշում գործադրելու միջոցով»։

Մինասյանն ասում է՝ այսօրվա իշխանությունը վաստակել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, վաղը իրենք պետք է այդ մեղադրանքներին բացատրություն  տան։

«Ո՞վ է տվել այդ իրվունքը, որ ոստիկանը միանգամից բացի մեքենայի դուռը և մարդուն փռի ասֆալտին»։

Մինասյանի գնահատմամբ՝ սա քաղաքացիներին հնազանդ հպատակ դարձնելու քայլ է։