Այդ դատարանն անկախ չէր․ առաջարկում եմ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գործող Սահմանադրությունն անկայունություն է ապահովում, այդ իսկ պատճառով սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում եմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Ավելին՝ քաղաքագետն ասում է, որ սահմանդրական փոփոխություններն ուշացել են, դեռ հեղափոխությունից հետո իշխանությունները պետք է ձեռնարկեին դրանք, որովհետև հեղափոխության ժամանակ ժողովուրդը մերժում էր Սերժ Սարգսյանի բարքերը, այդ թվում՝ Սահմանադրությունը։
«Շատ լավ է, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել։ Իշխանության ցանկությունը՝ դատաիրավական համակարգում փոփոխություններ անելու հետ համաձայն եմ, եթե հիշենք, ապա կարգախոսներն այն մասին էին, որ պետք է արդար ու թափանցիկ համակարգ ստեղծել»,-ասաց Ստեփան Գրիոգորյանը։
Քաղաքագետն իր առաջարկներն ունի, օրինակ՝ Ընտրական օրենսգրքի մի քանի հոդվածներում փոփոխություններ անել։
«Այսպես կոչված կայուն մեծամասնության գաղափարը, ռեյտինգային համակարգը պետք է վերանայվի»,- նշեց քաղաքագետը, ապա շարունակեց՝ գործող Սահմանադրությունը անկայունություն է ապահովում, ինչն այսօր տեսանելի է։
«Իրենք ապահովեցին անկայունությունը Սերժ Սարգսյանի վերջին կառավարման ժամանակ, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Հիմա կարող են ասել՝ ո՞նց, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, ԱԺ-ն լեգիտիմ է, բայց ապակայունացում գնում է, այն անզեն աչքով երևում է»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է «սուպերվարչապետական համակարգից» հրաժարվելուն կամ չհրաժարվելուն, Ստեփան Գրիգորյանն ասում է, որ պետք է հրաժարվեն։ Նա կասկած չունի, որ քննարկումների ժամանակ այդ հարցը կքննարկվի։
Անդրադառանալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, քաղաքագետն ասաց, որ մայր դատարանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իր ֆունկցիան չի կատարում և գտնվում է նախորդ իշխանությունների ազդեցության ներքո։
«Այդ քննարկումը, թե անկախ դատարանին ուզում են ճնշել, անհեթհեթություն եմ համարում։ Այդ դատարանը անկախ չէր, կատարում էր գործադիր մարմնի ցանկությունները, մենք դրա ականատեսն էինք։ Ուրեմն նշանակություն չունի ովքեր են անդամները, ինքը որպես դատարանը անկախ չէ։ Իրոք մեծ պատասխանատվություն է անցումային փուլում ստանձնել հայ ժողովրդի դեմ դուրս եկողի դերը, դա է պատճառը, որ ես առաջարկում եմ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ։ Սա անձնական տեսանկյունից չդիտարկեք, այդ ինստիտուտը անկախ չէ, պետք է նորը ստեղծել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։