Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցիա «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության դեմ (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիները պնդում են, թե իրենց բողոքը գործադիր մարմնի դեմ չէ։

«Մենք կառավարությունից չենք բողոքում , մեր բողոքը «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությանն է վերաբերում, եկել ենք որպեսզի կառավարությանը տեղեկացնենք վարկային կազմակերպության գործունեության մասին, որը չարիք է հայ ժողովրդի համար» ,- նշում է Տիգրան Մալխասյանը՝ վստահեցնելով, թե իր ընտանիքը տուժել է վարկային կազմակերպությունից։

«18 միլիոն վճարում եմ կատարել «Արարատ» բանկում, վերցրել եմ կտրոնը, սակայն «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունը 18 միլիոնի փոխարեն հաշվել է 1միլիոն 800 հազար, որից հետո հաշվարկվել է տույժ ու տուգանք ։ Դրանից հետո հայտ է ներկայացվել դատարան, որպեսզի կալանք դրվի ՌԴ-ում գտնվող հայրիկիս անունով գույքի վրա։ Սակայն դատարան հասնելուց հետո իրենք հայտարարեցին, որ դա տեխնիկական սխալ է»,-պատմում է Տիգրան Մալխասյանը։

Քաղաքացիները վստահեցնում են, որ այս վարկային կազմակերպությունից տուժել են ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ։ Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի․ « Պետք է ամեն ինչ անցնի օրինական դաշտ , կայացվեն արդար դատավճիռներ, ըստ որի կվերադարձվեն մարդկանց բնակարանները։ Պետք է վերանայվեն «Էքսպրես կրեդիտ»-ի լիցենզիաները »։

Նրանց ակցիան նաեւ իրազեկող նշանակություն ուներ։

«Մենք ժողովրդին կոչ ենք անում չխաբնվել «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության ներկայացրած զրո տոկոսներին, որովհետև այս կազմակերպության միակ նպատակն է ունեզրկել մարդուն»,- ասում է Տիգրան Մալխասյանը։

«Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունից խոստացան մեկնաբանություն տալ ավելի ուշ։