Խոցելի խմբերի իրավունքները պետք է առաջնային դիտվեն․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց եւ ընդունվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ սահմանվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, հոգեբուժական կազմակերպությունների պարտականությունները, խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանփակման դեպքերը, կարգը և այլ մանրամասներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՄԱԿ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել նման խանգարում ունեցող անձանց հոսպիտալացումից, մեկուսացումից;
Բաթոյանը նշեց, որ այս առումով ունենք շատ լուրջ անելիքներ: Արսեն Թորոսյանը նշեց, որ այս մոտեցումը ընդունելի չէ, որովհետև ոչ հոժարակամ բուժում իրականացվում է այն դեպքում, երբ անձը վտանգ է ներկայցնում իր և հասարակության համար։
Հարցի քննարկմանը միացավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով ընդգծեց, որ գործնականում ոլորտում խնդիրները բավականին շատ են։
«Անցյալ տարի երկու սպանություն է եղել, ծնողներ են սպանվել հոգեկան հիվանդություն ունեցող որդիների կողմից, և մտահոգիչն այն է, որ երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հիվանդանոցից դուրս եկած եղել լավացում ախտորշմամբ: Նշված դեպքերը ցույց են տալիս, որ բացի իրավակարգավորումներից՝ այդ հիվանդների հետ տարվող աշխատանքը բովանդակային առումով լավ վիճակում չէ»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նկատեց, որ թեև Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատել են նախագիծը կազմելիս, սակայն այստեղ դեռ լուծված չի անգործունակ անձանց և անչափահասների՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու հոգեբուժարան տեղափոխելու հարցը:
«Այս նախագծի ընդունումից հետո հույս ունեմ , որ կլուծվի մարդկանց նկատմամբ խարանի ու խտրականության հարցը, որովհետև հոգեբուժարանները ակնհայտ փորձում են քողարկել խնդիրները այն անվան տակ, որ մարդիկ հոգեկան հիվանդներ են, խնդիրներ ունեն, և նրանց կարծիքը պետք չէ հիմք ընդունել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ հանրության խոցելի խմբերի իրավունքները միշտ պետք է առաջնային դիտվեն, քանի որ հաճախ են լինում դեպքեր, երբ մարդկանց մոտ հիվանդություն է արձանագրվում, նրանց վրա խաչ է քաշվում: