Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերբիայի քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից (տեսանյութ)

Այսօր Կառավարության նիստում որոշում կայացվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել:

Ըստ որոշման հիմնավորման` 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։

Որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 2-ին, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա համար։

Պահպանելով փոխադարձության սկզբունքը` մշակվել է նախագիծ, ըստ որի՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից: Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց որ կարևոր որոշում է և հույս հայտնեց, որ այս որոշմամբ ուղիղ չվերթների հնարավորություն կլինի դեպի Սերբիայի տարբեր քաղաքներ։

«Լավ որոշում է և այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, որ լավ ուղղություն է մեր երկրի համար»,-ասաց նա և հետաքրքրվեց, թե քանի երկրի հետ արդեն առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք։

Արձագանքեցին՝ 63: