Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կասպարովը նախընտրում է Էմմիին

Մշակույթ

Երգիչ Հայկ Կասպարովը փորձում է հավատալ, որ «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլն արդար կանցկացվի:

Հայաստանյան նախընտրական մրցույթը տեղի կունենա փետրվարի 1-ին, որի ժամանակ հանդես կգան հայ այն երգիչները, որոնք ունեն նոր կատարումներ ու ցանկանում են մասնակցել «Եվրատեսիլ-2010»-ին: Նրանցից մեկը Հայկ Կասպարովն է, որն իր ասելով` շատ լրջորեն է պատրաստվում մրցույթին: Նրա նոր երգն արդեն պատրաստ է, եւ ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց` այն սիրո մասին պարային ոճի երգ է: Երգի հեղինակն ինքն է, իսկ բառերի հեղինակը երգիչ Սերգեյ Գրիգորյանն է: Երգի բեմականացումը եւ հագուստները եւս պատրաստ են: Այս պահին Հայկի համար կարեւորն այն է, որ ինքն իբրեւ սկսնակ` լավ մասնակցի մրցույթին, տպավորիչ ելույթ ունենա եւ ինչու չէ` նաեւ հաղթի:

Այս պահին արդեն հայտնի են «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական մրցույթի մասնակիցների այլ անուններ եւս ` Ռազմիկ Ամյան, Էմմի եւ Միհրան, Եվա Ռիվաս: Հայկ Կասպարովի վստահեցմամբ` եթե նույնիսկ ինքը չհաղթի, ապա շատ կցանկանար, որպեսզի «Եվրատեսիլ»-ում հանդես գա իր նախընտրած զույգը` Էմմին ու Միհրանը: Նկատենք, որ արդեն կան խոսակցություններ, որ նախընտրական փուլում կհաղթեն հենց նրանք:

Հաղթանակի համար բացի ժյուրիի կարծիքից, կարեւոր է նաեւ հանդիսատեսի sms քվեարկությունը: Հետաքրքրվեցինք Հայկ Կասպարովից` արդյոք նա հավատո՞ւմ է արդար քվեարկությանը: «Գիտեք` այդ քվեարկությունը մի տեսակ ոնց որ կեղծ լինի, քանի որ շատ հավանական է` հավանեն իմ ելույթը եւ ուզենան իմ օգտին sms ուղարկել, բայց բջջայինում չլինի այդ 260 դրամը: Իսկ մեկը, որն ասենք` ունի աստղաբաշխական գումարներ, կապ չունի` տվյալ երգչի ելույթը լավ էր, թե ոչ, եթե պետք է նրան ուղարկել 100 sms, ապա այն կուղարկի: Այսինքն` մարդիկ կարող են շատ հավանել երգս, սակայն ֆինանս չունենան sms ուղարկել»,- պատասխանեց նա:

Եթե նախընտրական փուլում հաղթի Հայկ Կասպարովը, ապա ըստ նրա` արտերկրից շատ ձայներ կստանա Հայաստանի օգտին, քանի որ արտերկրում նրան ավելի շատ են ճանաչում: Եթե անգամ չհաղթի նախընտրական փուլում, ապա նա միեւնույն է` ամեն կերպ կփորձի մասնակցել «Եվրատեսիլ»-ին, քանի որ. «Այն ինձ կտա եվրոպական ճանաչում, ինչպես նաեւ` հնարավոր է նոր դռներ բացվեն ինձ համար արտերկրում»: Այդ նպատակով նա արդեն առաջարկ ունի հույն երգիչ Սարբեի հետ հանդես գալ իբրեւ Հունաստանի մասնակից: Առաջարկը Հայկ Կասպարովն, ամենայն հավանականությամբ, հետագայում կընդունի:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Օսլոյի «Fornebu Arena» մարզադաշտում տեղի կունենա «Եվրատեսիլ-2010»-ի եզրափակիչ փուլը, որին արդեն 5-րդ անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: