Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմին ԱՄՆ-ում է պատրաստվել «Եվրատեսիլին»

Մշակույթ

Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացնող երգիչ- երգչուհիների անունները դեռ պարզ չեն:

Սակայն այս օրերին մի քանիսի անուններն ավելի հաճախ են շրջանառվում. Ռազմիկ Ամյան, Հայկ Կասպարով, Եվա Ռիվաս, էմմի...

Երգիչ Ռազմիկ Ամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց միայն այն, որ ինքը մասնակցության հայտ ներկայացնելու է հաստատ, սակայն երգի, սպասվող շոուի և այլ մանրամասների մասին չցանկացավ խոսել:

«Այլ մանրամասների մասին չեմ ուզում խոսել, ինձ համար էլ է դժվար մերժել ձեզ այդ թեմային վերաբերող հարցերին պատասխանելը, բայց ցանկանում եմ, որ ամեն ինչ գաղտնի մնա և հանդիսատեսին պարզ դառնա միայն նախընտրական հեռուստատեսային փուլի ժամանակ,- ասաց Ռազմիկ Ամյանը:

Իսկ ահա երգչուհի Էմմին, ով «Եվրատեսիլ 2010»-ի նախընտրական փուլին կմասնակցի Միհրանի հետ , համաձայնվեց բացահայտել որոշ մանրամասներ: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ երեք ամիս նախապատրաստվել է «Եվրատեսիլի» նախընտրական փուլին:

«Երգը ձայնագրվել է ԱՄՆ -ում: Մեզ բազմաթիվ երգեր էին ուղարկել տարբեր երկրներից, ինչպիսիք են `Բելգիան,Թուրքիան, Գերմանիան,Ռուսաստանը և այլն: Մենք բազմաթիվ երգերից ընտրել ենք չորսը»,- պատմեց երգչուհին:

Թե այդ չորս երգերից որը կներկայացնեն նախընտրական փուլին, երգչուհին չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ մեկից ավել կլինի:

Երգերի և սպասվելիք շոուի մասին Էմմին ասաց. «Դեռ չենք ուզում հրապարակել երգի հեղինակին, թող պարզ դառնա նախընտրական փուլի ժամանակ: Երգը իր ոճով պարային է, ռիթմիկ, ժամանակակից: Համոզված եմ` երիտասարդներին դուր կգա, նաև ասեմ , որ էքսպերիմենտ է, ես ինքս փոփոխություններ սիրում եմ: Հայաստանյան նախընտրական փուլում երգը կներկայացվի բեմադրությամբ: Դրան մասնակցելու համար ԱՄՆ -ից Հայաստան կժամանեն չորս պարողներ, ովքեր մեծ հաջողություններ ունեն իրենց ասպարեզում, պարել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, Բրիթնի Սփիրզը և այլ հայտնի աստղեր»:

Հիշեցնենք, որ մրցույթի նախընտրական փուլն անցկացվելու է մինչև 2010 թվականի փետրվարի 10-ը: Ժյուրին կընտրի 10 լավագույն երգերը, որոնք էլ փետրվարի 10-15-ը կներկայացվեն հեռուստատեսային փուլի ժամանակ: