Նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ են ձեռք բերվել․ վարչապետը պարզաբանում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար մեքենա գնելու վերաբերյալ հրապարակումներին ու քննարկումներին:
Նա նշել է, որ երեկվանից պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել եւ պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են հուզել հանրությանը:
«Նախ, ՀՀ վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ վարչապետը ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, նաեւ չեն կարող դրանից հրաժարվել վարչապետի ընտանիքի անդամները։ Օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ։ Սա նշանակում է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները պետք է ուղեկցեն տվյալ անձին: Այդ աշխատակիցները զինված են, ունեն հատուկ միջոցներ եւ այլն: Հիմա եկեք պատկերացնենք, որ այդ մարդն անընդհատ երթեւեկում է մետրոյով, «ԳԱԶԵԼ»-ով, ինչպե՞ս պետք է այդ պահպանությունն իրականացնեն այդ մարդիկ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ մեքենան իր ընտանիքի անդամի համար չի գնված, այլ պետական պահպանություն իրականացնող աշխատակիցների համար է գնված:
«Նույն տրամաբանությամբ, այն մեքենան, որով ես եմ շրջում, դա իմը չի: Դա ՊՊԾ-ինն է, որը այդ մեքենան օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Երբ Մարիամը վարորդական իրավունք էր ձեռք բերել, ինքը 2018-ին մեր «Նիսան Քաշքայ»-ով էր շրջում քաղաքում: Այդ դեպքում պետական պահպանության մեքենան իր հետեւից գնում էր եւ ստացվում էր, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում քաղաքում: Դրա համար, որոշ ժամանակ անց ինքը դադարեցրեց շրջել այդ մեքենայով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս դեպքում նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կարեւոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմնագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի:
Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»։