Ովքե՞ր են
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ փետրվարի 1-ը գաղտնի կպահվեն այն երգիչների անունները, ովքեր ցանկանում են մասնակցել Եվրատեսիլ 2010-ին:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, արդեն հայտեր ստացվել են, բայց երգիչների անունները գաղտնի են պահվում, քանի որ միջազգային կանոնները դա արգելում են:
Դիանա Մնացականյանը նշեց, որ անձամբ երգիչները կարող են լրատվամիջոցներին տեղեկացնել իրենց մասնակցության մասին: Սակայն Հանրային հեռուստաընկերությունն այդ մասին կհայտարարի միայն փետրվարի 1-ից հետո:
Հիշեցնենք, որ մրցույթի նախընտրական փուլն անցկացվելու է Երեւանում մինչեւ 2010 թվականի փետրվարի 10-ը, որի արդյունքում կընտրվեն 10 լավագույն երգերը: Երգերը փետրվարի 10-ից 15-ը կներկայացվեն հեռուստատեսային փուլում: Քվեարկությունը իրականացվելու է հեռուստադիտողների եւ ժյուրիի կողմից` 50%- 50% հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրատեսիլ 2006-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Անդրեն գրավեց 8-րդ հորիզոնականը, 2007 թվականին Հայկոն նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ Սիրուշոն, որը Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում էր 2008 թվականին, գրավեց 4-րդ տեղը` իր «Քելե, քելե» երգով, իսկ Արշակյան քույրերը նախորդ տարի գրավեցին 10-րդ հորիզոնականը:
2009 թվականին «Եվրատեսիլի» հաղթող էր ճանաչվել Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» մրցույթին մասնակցելու է 39 պետություն:
Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Էմմին եւ Ռազմիկ Ամյանը մասնակցության հայտեր են ներկայացնելու: