Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ թատերասեր չենք (տեսանյութ)

Մշակույթ

«Նարեկացի» մշակութային կենտրոնում Սոս Սարգսյանին դիմավորեցին ջերմ ծափողջյուններով:

Հայ բեմարվեստի լեգենդին ապագա դերասանները այլ կերպ, քան Սոս Պապիկ, չցանկացան դիմել: Առաջին խորհուրդը, որ տվեց դերասանը. կյանքում ազնիվ ու անկեղծ լինել. թատրոնում էլ` ճիշտ ճաշակ մշակել: «Մտավորականությունը պետք է դեր խաղա հասարակության կյանքում: Դերասանը պետք է իմանա ինչպես իրեն պահի, ինչ անի, նա պետք է ներքին ձգտումեր ունենա, լինի զուսպ, պետք է հաշվի առնի թե ինչ օրինակ է ծառայում հասարակության համար: Եվ վերջապես, կա ճաշակ հասկացողություն, եթե այն կա` կա նաեւ արվեստ»,- խրատեց նա:

Ինչ վերաբերում է թատրոնում այսօր տիրող բարքերին, ապա ըստ Սոս Սարգսյանի, դրա պատճառն այն է, որ նոր սերունդը քիչ դաստիարակվեց: «Այսօր ջահելների մեջ անպատասխանատու արվեստագետները շատ են: Իսկ որ նկարահանվում են սերիալներում, դա հասկանում եմ որպես գումար աշխատելու միջոց: Սակայն դերասանը, ով մշտապես հասարակության կենտրոնում է, պետք է ունենա պատասխանատվության զգացողություն, իմանա իր չափը»,- ասաց նա:

Ըստ նրա, այսօր, նոր սերնդին պակասում է այն գիտակցությունը, որ իրենք իրենց երկրի տերն են: Այնուհանդերձ դերասանը լավատես է, քանի որ այսօրվա երիտասարդներին տեսնում է որպես առաջադեմ, գիտուն, գրագետ եւ հայրենասեր: Նա միայն խորհուրդ տվեց շփվել աշխարհի հետ ու մեղվի պես հավաքել ամեն օգտակարը:

Այն, որ այսօր հայ թատրոնում հայկական բեմադրություններ չեն արվում, Վարպետը մտահոգիչ համարեց: «Թումանյանը ասում էր, եթե հայոց թատրոնում հայկական պիես չեն խաղում, դա արդեն հայկական թատրոն չէ: Ցավոք, այսօր չկան սունդուկյաններ, պարոնյաններ, շիրվանզադեներ: Հասկանում եմ, որ դրամատուրգիան բարդ ժանր է, շատ ժամանակ է պահանջում, որը այսօրվա գրողները չեն ցանկանում տրամադրել: Սակայն, պետք ամեն ինչ անել, որ հայերը տեսնեն հայկական ազգային թատրոնը: Եթե ես խաղում եմ Օթելլո, հայ մարդը պետք է տեսնի, որ ես հայ եմ եւ ոչ թե ինչ- որ սեւ մարդ, ազգայինը պետք է տեսնի»,- նշեց Սոս Սարգսյանը:

Վարպետի խոսքով, սակայն, մեղավորը միայն դերասանները չեն, քանի որ այսօր բացակայում է նաեւ արժանի հանդիսատեսը: «Մի անգամ ասացի հայերը թատերասեր ազգ չեն` ինձանից նեղացան: Բայց չէ որ դա ճշմարիտ է: Այսօր մեր հայը նեղություն չի քաշում, որ երկու ժամ նստի ներկայացում նայի: Նրա համար դա տաղտկալի եւ ձանձրալի է: Հանդիսատես լինելը եւս պրոֆեսիա է: Եթե նա դերասանի հետ չի ապրում նրա հույզերը, ապա կապը չի ստացվում»,- ասաց նա:

Սոս Սարգսյանը իր ղեկավարած մշակութային օջախի` Համազգային թատրոնի համար 2009 թվականը համարեց հաջող տարի: «Կազմակերպել ենք 4 բեմադրություն, իսկ մեր հանդիսատեսը կամաց- կամաց ձեւավորվում եւ ավելանում է»,- ասաց նա:

Վերջում դերասանը նոր սերնդի իր ժառանգներին մաղթեց, որ գալիք տարում կատարվի նրանց բոլորի երազանքները: