Նոր հանգամանքներ 2017-ին Ալավերդիում տեղի ունեցած սպանության գործով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել է 39-ամյա Կամո Փիրուզյանը։ Վերջինիս սպանել է Վլադիմիր Դավթյանը՝ կրակելով նրա ուղղությամբ։
Այս գործով մեղադրվում է Վահագն Աբգարյանը, ով, ըստ մեղադրականի, ապօրինի կերպով զենք և փամփուշտներ է ձեռք բերել և հանձնել իր սանիկ Վլադիմիր Դավթյանին, ով կատարել է սպանությունը։
Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք է տվել գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանը։
Վահագն Աբգարյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ քրեական գործում առկա են Արթուր Մնացականյանի ցուցմունքները, որոնք նրանից կորզել են ճնշումների ներքո։
- Երբ ես նայում եմ այս քրեական գործին, ինձ համար պարզ է դառնում, որ հստակ կան պատվիրատուներ։ Մեծ պատվիրատուները ի վերջո չեն կարողացել հասնել Վահագն Աբգարյանի ֆիզիկական ոչնչացմանը, և մեծ պատվիրատուներին օգնության են եկել քրեական հետապնդման մարմինները, ովքեր օգնել են նրանց։ Իրականության մեջ Վահագն Աբագարյանը որևէ սպանության պատվեր չի տվել¦։
Ինեսա Պետրոսյանն ասում է՝ երկու ամիս է Արթուր Մնացականյանը բարձրաձայնում է, որ ժամանակին կեղծ ցուցմունք է տվել Վահագն Աբգարյանի դեմ, սակայն մինչև այսօր իրենց պաշտպանյալը ապօրինի կալանքի տակ է։
Վահագն Աբգարյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն էլ նշում է, որ Արթուր Մնացականյանը գործով միակ վկան է, և այսօր դատարանում պնդում է, որ այս բոլոր մեղադրական բնույթի ցուցմունքները կորզվել են վարույթ իրականացնող մարմինների կողմից, սա արդեն թույլատրելիության հարց է բարձրացնում կոնկրետ նախաքննության ընթացքում տրված այս մարդու ցուցմունքենրի կապակցությամբ։
Փաստաբանի պնդմամբ՝ դատախազությունը սրանք ընդունում է հաղորդում հանցագործության մասին, բայց մինչ այս պահը մնացել են անհետևանք։
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ նշում է՝ Արթուր Մնացականյանի հայտնվելը խիստ անցանկալի էր դատավարության մյուս կողմի համար․
- Արթուր Մնացականյանը ժամանակին լքել էր Հայաստանը մի պայմանով, որ նա երբևէ այս գործով դատարան չի գալու¦։
Իրավապաշտպանի պնդմամբ՝ քննիչները այն ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի հետ միասին սարքել են քրեական գործը՝ սեփական նպատակներից ելնելով։
Մարինա Պողոսյանը պնդում է նաև, որ երբ Արթուր Մնացականյանին ստիպել են ցուցմունքեր գրել Վահագն Աբգարյանի դեմ, այդ ամբողջ գործընթացին ներկա է եղել Փիրուզյանի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Պաշտպանական կողմը փորձում է աղմուկ բարձրացնելով և խեղաթյուրելով փաստերը տպավորություն ստեղծել, թե Վահագն Աբգարյանն անմեղ է․ Լուսինե Սահակյան
Փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն Ա1+-ի հետ զրույցում իր հասցեին հնչող մեղադրանքները ծիծաղելի է որակում և ծիծաղելի է որակում նաև Արթուր Մնացականյանի պնդումները, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել․
«Հարցաքննության ընթացքում ես Արթուր Մնացականյանին կոնկրետ ասացի, որ նկարագրի իմ գործողությունները, նա ընդամենն ասաց, որ ինձ տեսել է այն քննչական մարմնում, որտեղ որ ինքը եղել է»։
Ինչ վերաբերում է Վահագն Աբգարյանի մեղադրանքին, Լուսինե Սահակյանը պնդում է, որ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, այդ թվում նաև գատնալսումներ են իրականացվել ամիսներ շարունակ, որով հիմնավորվում է Վահագն Աբգարյանի մեղքը․
«Պաշտպանական կողմը փորձում է Արթուր Մնացականյանի ցուցմունքը ներկայացնել որպես միակ ապացույց, ինչն այդպես չէ, և ամենևին պատահական չէ, որ այն անձինք, ովքեր փորձում են ներկայացնել իբրև թե Վահագն Աբգարյանը ապօրինի է հետապնդվում, դատական նիստերին, երբ հրապարակվում էին բազմաթիվ ապացույցները, նրանք ընդհանրապես չէին էլ ցանկանում այդ ապացույցները լսել»։
Լուսինե Սահակյանը պնդում է, որ Աբգարյանի պաշտպանական կողմը ընդամենը փորձում է աղմուկ բարձրացնելով և խեղաթյուրելով փաստերը տպավորություն ստեղծել իբրև թե Վահագն Աբգարյանն անմեղ է։
Ինչ վերաբերվում է Արթուր Մնացականյանին, փաստաբանն ասում է նա նախաքննության ընթացքում տվել է բազմաթիվ ցուցմունքներ տարբեր մարմիններում, իր բազմաթիվ պաշտպանների ներկայությամբ և բացի դրանից իր ցուցմունքները կապված են հիմնականում այդ գաղտանալսումների հետ․
«Արթուր Մնացականյանը ցուցմունքներ է տվել կոնկերտ գաղտանալսումների հետ կապված, կա գաղտնալսումը մենք այդ ամենը լսում ենք, ինքն էլ դրա վերաբերյալ ցուցմունք է տվել, որի անհրաժեշտություն կար, որ որևէ մեկը նրա նկատմամբ ինչ-որ ճնշում գործադրեր»։
Լուսինե Սահակյանն ասաց՝ ակնկալում է, որ Արթուր Մնացականյանի ցուցմունքը ստուգվի, որովհետև, ըստ նրա,իրականությանը չի համապատասխանում։
Իսկ Վահագն Աբգարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ այդ գաղտանալսումները որևէ տվյալ չեն պարունակում, որն ապացուցում է իրենց պաշտպանյալի մեղքը։