Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի քարտեզը` երգերով

Մշակույթ

Երգիչ Արսեն Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը ներկայացնող քարտեզ նկարել: Արդեն որոշ ժամանակ է Արսեն Գրիգորյանն աշխատում է մի նոր ծրագրի վրա:

ՙԱմբողջ Հայաստանը ներկայացնող, տարբեր շրջանների ֆոլկլյորային երգերով հետաքրքիր քարտեզ եմ ուզում նկարել և կարծես թե ստացվում է,- ասում է Արսեն Գրիգորյանը և շարունակում, - Առաջին փորձս եղել է «Մրրո» երգով, որը Ուրֆայի տարածաշրջանն էր ներկայացնում: Ունեմ նաև Տիգրանակերտը, Տարոն աշխարհը, Վանը, Վասպուրականը, Շատախը և այլ տարածաշրջաններ ներկայացնող երգեր, որոնք շատ են՚:

Այս անգամ երգիչը աշխատում է Մարաշի ֆոլկլյորը ներկայացնող երգերի նախագծի վրա: ՙՄի քանի ամիս առաջ զանգահարեցին ինձ Բեյրութից` «Մարաշ» հայրենակցական միությունից` ասելով, որ բարձր են գնահատում իմ գործունեությունը երգարվեստում եւ ցանկանում են համագործակցել: Նրանք ունեն Մարաշի ֆոլկլյորը ներկայացնող նյութեր` քառյակներ, որոնք ժամանակին երգեր են եղել, սակայն հիմա պահպանվել են միայն բառերը: Նրանք ցանկանում են, որ այդ երգերին, որոնց երաժշտությունը չի պահպանվել, շունչ տամ. ես էլ համաձայնեցի: Առաջին երգը, որն արդեն պատրաստ է, կոչվում է ՙՄարաշի աղջին՚: Երգը ուղարկեցի նրանց. շատ հավանեցին: Այս երգը բոլորը շուտով հնարավորություն կունենան լսելու: Այս տարվա ամանորյա հեռուստածրագրերին այս երգն եմ երգելու»- պատմեց երգիչը:

Մարաշի երգերի շարքը մեծ է: Երբ երգերը պատրաստ լինեն, երգիչը նպատակ ունի դրանք ներկայացնել ձայնասկավառակի տեսքով.ՙԵս ուզում եմ այս երգերը տարածել ամբողջ աշխարհով, ուզում եմ, որ Մարաշի իմ հայրենակիցները լսեն ու իմանան, որ մեր այս տարածաշրջանի բարբառը, ֆոլկլյորը չի կորել՚:

Արսեն Գրիգորյանը աշխատում է նաև մի քանի այլ երգերի վրա` պատրաստվելով հաջորդ ձայնասկավառակի թողարկմանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղի ունեցավ երգչի առաջին` ՙՄրրո՚ ձայնասկավառակի շնորհանդեսը: ՙՄրրո՚ ձայնասկավառակում զետեղված են 11 երգեր, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր գավառները: Կան նաև մեր Աշուղների` Գուսան Աշոտի, Հավասու, Շերամի, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի երգերից: (Աջակցել է ՙՄանչո գրուպ՚-ի նախագահ Վանիկ Մոսոյանը):

Խոսելով առաջիկա ծրագրերից` Արսեն Գրիգորյանը նշեց, որ 2010 թվականի մարտին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կունենա մենահամերգներ: Մենահամերգ է նախատեսում նաև Երևանում: Երգիչը նշեց, որ այդ համերգի ողջ հասույթը կնվիրի Հայ օգնության ֆոնդին` կարիքավոր, փողոցում հայտնված, անօթևան երեխաներին օգնելու համար: