Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորյա հրաշքներ բեմի վրա

Մշակույթ

Մի քանի օրից Երեւանի թատերական օջախները իրենց դռները կբացեն բոլոր այն փոքրիկների ու մեծահասակների համար, ովքեր կցանկանան մասնակից դառնալ ամանորյա հրաշքին:

«Ա1+»-ը զրուցեց մի քանի թատրոնների գեղարվեստական ղեկավարների և ռեժիսորների հետ` պարզելու, թե այս տարի ինչ են առաջարկելու հանդիսատեսին:

Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն այս տարի կներկայացնի «Հապչի մարդուկը» ներկայացումը: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ կան որոշակի ավանդույթներ, որոնք թատրոնը պահպանում է արդեն երկար տարիներ:

«Սկիզբը` առաջին մասն անց է կացվում ճեմասրահում, որտեղ փոքրիկներին և մեծահասակներին տոնածառի շուրջ դիմավորում են բազմաթիվ հեքիաթային հերոսներ, անցած տարվա և եկող տարվա խորհրդանիշ կենդանիները, Ձմեռ պապն ու Ձյունանույշը: Երեխաները երգում են, պարում, արտասանում, պատասխանում հանելուկների: Երկրորդ մասն արդեն անց է կացվում դահլիճում, որտեղ հանդիսատեսը դիտում է ամանորյա ներկայացում»,-ասաց նա:

Այս տարի թատրոնում ներկայացվելու է դերասան Դերենիկ Մարտիրոսյանի պիեսը, եւ հենց նրան էլ վստահվել է բեմադրությունը: Ներկայացման համար հատուկ գրվել է երաժշտություն, արվել է նկարչական ձևավորում և այլն:

Ներկայացումը Հապչի մարդուկի մասին է, ով կենդանություն է առել փոքրիկ Արեգի նկարից, ում Արեգը տեսել է իր երազներում: Հապչի պապիկը իր կախարդական փռշտոցով իրականացնում է Արեգի բոլոր ցանկությունները: Վերջում նրանք դիմավորում են Ձմեռ պապին և սկսում Նոր տարվա ուրախ հանդեսը:

Իսկ ահա Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս տարի կներկայացնի նույն թատրոնի դերասան Հովհաննես Թեքգյոզյանի պիեսի բեմադրությունը: Բեմադրությունն անում է նույն թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը: Գործողությունները ծավալվում են ՙԾաղիկների աշխարհ՚ կոչվող հրաշք թագավորությունում, որտեղ բնակվում են Արքա-թիթեռը, Թագուհի-թիթեռը, Արքայադուստր-թիթեռնիկը, ջութակահար-մորեխիկը, կրետ-ավազակը, վարդը, շուշանը, կակաչը և հրաշագործ թզուկը:

Վերջինս ունի հրաշագործ հովանոց,որի բացելուն պես գալիս է Ձմեռ պապը: Չար կրետը առևանգում է հովանոցը, որպեսզի երբեք չգա Նոր Տարին, իսկ ջութակահար-մորեխիկը և Արքայադուստր-թիթեռնիկը , ովքեր մինչ այդ հասցրել են սիրահարվել, ծաղիկների օգնությամբ վերադարձնում են հրաշագործ հովանոցը Թզուկին:

Ամանորին է պատրաստվում նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը: Ռեժիսոր Արմեն Սանթրոսյանը պատմեց, որ իրենք հանդիսատեսին կներկայացնեն ՙՀնարամիտ ծաղրածուն՚:

«Հեղինակը ես եմ, ես էլ բեմադրում եմ: Սա հեքիաթ է չարի և բարու մասին: Չարի և բարու պայքարի մեջ, ի վերջո, բարին հաղթում է: Վերջում Ձմեռ պապն ու Ձյունանույշը գալիս են` ողջունելու հանդիսատեսին»,-ասաց նա:

Իդեպ, ամանորյա ներկայացումների տոմսերն արժեն 600-800 դրամ: