Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջոն ՄաքԼաֆլինը կնվագի Երեւանում

Մշակույթ

2010 թ. ապրիլի 28-ին Երևանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի և The 4th Dimension խմբի համերգը:

Միջոցառումը տեղի է ունենալու «Համաշխարհային Երաժշտություն Փառատոնի» շրջանակներում: Միջոցառումը կազմակերպում է Vibrographus ընկերությունը:

Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է և հանդիսանում է ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք ձայնագրել է Մայլզ Դևիսի «In a Silent Way» և «Bitches Brew» ալբոմներում: Նա հանդիսանում է The Mahavishnu Orchestra խմբի և world music ժանրի առաջնեկ` Shakti պրոեկտի հիմնադիրներից մեկը: ՄաքԼաֆլինը 70-ականների ջազ-ռոքի ամենահայտնի աստղերից է: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, ուր նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ:

2009-ի նոյեմբերին ՄաքԼաֆլինը և The 4th Dimension խումբը ձայնագրել են ալբոմ, որը լույս կտեսնի 2010-ին և կազդարարի նրանց եվրոպական շրջագայության սկիզբը:

«Համաշխարհային Երաժշտության Փառատոնը» անցկացվելու է 2010 թ. ամբողջ ընթացքում: Փառատոնին մասնակցության վերաբերյալ տարվում են բանակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Jethro Tull խմբի մենակատար Յան Անդերսոնը, կիթառահար, գնչուական ջազի լավագույն կատարող Անջելո Դեբառը և այլոք: